Ալիևը երկրի թիվ մեկ մենատերն է
Ադրբեջնական մամուլը գրեթե ամբողջությամբ գտնվում է իշխանության գրաքննության տակ: Այս իմաստով միակ թերթը, որը երբեմն-երբեմն իր էջերում ներկայացնում է ալիևյան կլանի մութ էջերը «Ազադլըգ» լրատվամիջոցն է:
Վերջերս թերթի էջերում լույս էր տեսել մի հոդված, որը հստակ փաստով արձանագրում էր, որ Իլհամ Ալիևը երկրի թիվ մեկ մենատերն է: Հոդվածագիրը գրում է.
«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ի.Ալիեւը մասնակցել է երկու ձեռնարկությունների բացմանը: Դրանցից մեկը պաղպաղակի, մյուսը՝ աղի արտադրության ձեռնարկություն է: «Պալգիդա» պաղպաղակի ձեռնարկության բացման արարողությանը Ի.Ալիեւի մասնակցությունից հետո պաղպաղակ արտադրող մյուս ձեռնարկությունների դեմ «խաչակրաց արշավանքներ» են սկսվել: Տարիներ շարունակ պաղպաղակ արտադրող այդ ընկերությունները շուտով փակվեցին, նրանց ղեկավարների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին` դրա համար որպես պատճառ նշելով, որ իբրեւ այդ պաղպաղակների մեջ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել: Հետաքրքիր է, թե ինչու այդ ցուպիկը չէր հայտնաբերվել մինչեւ «Պալգիդա»-ի բացումը: Հայտնի ընկերություններից մեկի աղ արտադրող ձեռնարկության բացմանն Ի.Ալիեւի մասնակցությունից հետո թիրախ են առնվել նաեւ աղ արտադրող մյուս ձեռնարկությունները: Արդեն մի ձեռնարկության գործունեությունը դադարեցվել է, մյուսն էլ տուգանվել՝ խոշոր գումարով: Փորձագետներն այդ գործողութունները բացատրում են Ադրբեջանում իշխող մենատիրությամբ:
«Փորձագետները նաեւ գտնում են, որ այդ փաստերը ցույց են տալիս` Ի.Ալիեւը ազատ մրցակցությունը խեղդելու պայմաններ է ստեղծել Ադրբեջանում», -գրում է «Ազադլըգ»-ը:
Ադրբեջանի իշխանական վերնախավի խոցերը քննադատող այդ ընդդիմադիր թերթի աշխատակիցներին երեկ թույլ չի տրվել մտնել խմբագրություն: Խմբագրատունը շրջափակած ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ թերթի աշխատանքը դադարեցվել է, քանի որ խմբագրությունը չի կատարել իր հարկային պարտավորությունը պետության նկատմամբ: Հայտնի է նաեւ, որ խմբագրությունը մասնակիորեն չի վճարել 2000 թ-ի իր հարկերը, որոնց մարման համար կառավարության հետ վերջերս համաձայնություն էր ձեռք բերվել այն մաս-մաս մարելու մասին:
ArmAr.am












