Թուրքիան վախեցած է հայկական հայցից
Ինչպես հայտնի է, Լոս Անջելեսում բնակվող ամերիկահպատակ Կարպիս Դավոյանն ու Հրայր Թուրաբյանը հայց են ներկայացրել թուրքական կառավարության դեմ` պահանջելով միլիարդների հասնող փոխհատուցում Թուրքիայից 1915-ին հայերից առգրավված շարժական եւ անշարժ գույքի, ինչպես նաեւ բանկային ավանդների դիմաց:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր հայտարարել է, թե` Թուրքիան բավական վախեցած է իր դեմ ներկայացված հայցից:
«Թուրք վերլուծաբաններն այժմ փորձում են հուսադրել թուրք հասարակությանը, որ հայցը ընդամենը քաղաքական ուղղվածություն ունի, զուրկ է իրավական հիմքից եւ ԱՄՆ-ը չի կարող Թուրքիային դատի տալ»:
Թուրքագետի խոսքով. «Թուրքերը պատրաստված չէին սրան, թուրքերը նոր են սկսում ուսումնասիրել այս հայցը: Նրանց արձագանքներից պարզ է դառնում, որ նրանք չէին պատկերացնում, որ հայերը կարող են հատուցումն այդ մեթոդով պահանջել ու հատկապես Թուրքիայի պետությանն ուղղված հայցով»:
Նա նաեւ հավելել է, թե հայերս սովորաբար կարծում ենք, որ թուրքերը շատ խելոք են, որ թուրքական դիվանագիոտթյունն ամեն ինչ նախապես հաշվարկում է, մինչդեռ նշված հայցը վկայում է այն մասին, որ իրականությունը բոլորովին այլ է:
Ըստ թուրքագետի , ընդդեմ թուրքական կառավարության ցեղասպանության զոհերի ժառանգների ներկայացրած հայցի ճակատագիրը կախված է ԱՄՆ վարչակազմից և, մասնավորապես` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից. «Ամեն ինչ կախված է ԱՄՆ ադմինիստրացիայից և անձամբ Օբամայից: Իսկ եթե հանկարծ Թուրքիան այդ հայցի հետ կապված դիմի ԱՄՆ-ին, ապա վերջինս կարող է հղում կատարել 2009-ի ԱՄՆ 9-րդ դաշնային վերաքննիչ դատարանի որոշմանը», -նկատեց թուրքագետը:
Անդրադառնալով կիպրացի հույների համարժեք հայցին դարձյալ ընդդեմ թուրքական կառավարության, թուրքագետ Շաքարյանը կարծիք հայտնեց, որ այդ հայցը միջազգային իրավունքին համապատասխան է: Նա, վկայակոչելով եվրոպական իրավունքի տերմինաբանությանը, նշեց, որ այնտեղ գոյություն ունի «օգտագործման իրավունքի կորուստ» տերմինը, որը նշանակում է, որ մեկ այլ երկրի տարածքը ապօրինի զավթած պետությունը պետք է վճարի այդ տարածքի տնօրինման համար։ «Թուրքիայի դեմ հույների ներկայացրած հայցը հենց այս իրավունքի համաձայն է», -բացատրեց թուրքագետը:
ArmAr.am












