Թուրք-քրդական բախումների նոր տարբերակիչ գծերը
Թուրքական «էրմենիհաբեր» լրատվական ծառայության փոխանցմամբ. նախօրեին` երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում, Թուրքիայի Սիիրթ մարզի Էրուքի շրջանում թուրք ոստիկանների և քուրդ ապստամբների միջև տեղի է ունեցել բախում:
Քրդական Բանվորական Կուսակցությանը (ՔԲԿ) պատկանող «Կոնգրա-Գել» կազմակերպության անդամների կողմից Էրուհի Անվտանգության Գրասենյակի շենքի վրա զինված հարձակում է իրականացվել, որը և բախման պատճառ է դարձել: Արդունքում մեկ թուրք ոստիկան և 3 քուրդ ապստամբներ սպանվել են: Կան նաև վիրավորներ:
Վերջերս թուրքագետ, Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով թուրք-քրդական բախումներին, նկատել էր, թե ներկայումս դրանք մի քանի նոր տարբերակիչ գծեր ունեն, որոնցով և առանձնանում են անցյալում տեղի ունեցած նմանատիպ դեպքերից:
Ըստ նրա` այդ տարբերակիչ գծերից առաջինն այն է, որ այս անգամ բախումներին մասնակցում են ծայրահեղ ազգայնականները, իսկ երկրորդը` որոշ վերլուծաբաններ այս բախումները կապում են արտաքին ուժերի և, մասնավորապես, Իսրայելի ազդեցության հետ: «Իմ մտավախությունն այն է, որ բախումների արդյունքում չկրկնվեն 1955թ.-ի դեպքերը, երբ թուրք-հունական հարաբերությունների վատացման եւ Թուրքիայի ներսում անկարգությունների սանձազերծման արդյունքում տուժեցին ոչ միայն հունական փոքրամասնությունը, այլեւ հայերը եւ այլ փոքրամասնություններ»,- նշել է Ռուբեն Սաֆրաստյանը:
ArmAr.am












