Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Ստեփանակերտցի սամբիստը կմասնակցի Նազարբաևի մրցաշարին

Օգոստոս 3, 2010թ. 15:50

Օգոստոսի 13-ից 16-ը Ղազախստանի Ուրալսկ քաղաքում տեղի է ունենալու Ղազախստանի Հանրապետության նախագահ Նորսուլթան Նազարբաևի մրցանակների սամբոյի միջազգային մրցաշար, որին մասնակցելու է մեր ուժեղագույն մարզիկներից` ստեփանակերտցի, 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը, ով այս տարի նվաճել է մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Այս մասին տեղեկացնում է  Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Նազարբաևի մցաշարը հանդիսանում է Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից մեկը և սպասվում է լարված ու հետաքրքիր պայքար` մասնակցությամբ Ռուսաստանի, Բուլղարիայի, Ղազախստանի, Բելոռուսի, Ուզբեկստանի, Մոնղոլիայի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Կորեայի, Ճապոնիայի, Հունաստանի, Վենեսուելայի ուժեղագույն սամբիստների: Մրցաշարը` սամբոյի աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու հիանալի հնարավորություն է տալիս, որը կկայանա նոյեմբերին` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում:

Աշոտ Դանիելյանը Ղազախստան է մեկնելու մարզիչ Էռնեստ Միրզոյանի հետ:

Ի դեպ, Ղազախստանի և նախագահ Նազարբաևի հետ կապված մի արժանահիշատակ պատմություն կա: Երեք տարի առաջ, այդ երկրում անցկացվող աշխարհի առաջնության ժամանակ, Աշոտ Դանիելյանը հաղթելով բոլոր մրցակիցներին հասել էր եզրափակիչ ու գոտեմարտում էր ղազախ մարզիկի հետ: Ճիշտ է, մրցավարները հաղթանակը պարգևեցին մեր սամբիստի մրցակցին, սակայն մրցանակաբաշխությունը կատարող Նազարբաևը` Աշոտ Դանիելյանին արծաթե մեդալ հանձնելիս խոստովանել էր. «Եթե առաջնությունն անց կացվեր այլ երկրում, անկասկած, հաղթողը Դուք էիք լինելու»: Արդար մրցավարություն և հաղթանակ ենք մաղթում Աշոտին:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն