Բրայզայի թեկնածության քվերակությունը հետաձգվել է
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախօրեին տեղի ունեցած նիստում հետաձգվել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզայի թեկնածության քվեարկությունը: Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): Նրա թեկնածության քվեարկությունը հետաձգվել է մեկ ամսով, մինչև սենատորները կվերադառնան օգոստոսյան արձակուրդից:
Տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանի երկու տասնյակից ավել թեկնածուների քվեարկությունը անցել է առանց խոչընդոտների: Նշանակվել է նաև Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանը` Ֆրենսիս Ռիկիարդոնեն:
Բրայզայի թեկնածության քվերակությունը հետաձգվել է հայամետ սենատոր Բարբարա Բոքսերի պահանջով, ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
«Պահանջ ներկայացվեց, և Արտաքին հարաբերությունների Հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին հանեց թեկնածուների ցուցակից Բրայզայի անունը և քվեարկությունը հետաձգվեց մինչև սենատորները կվերադառնան արձակուրդից», -Politico.com-ին ասել է հանձնաժողովի խոսնակ Ֆրեդերիկ Ջոնսը:
Լրատվամիջոցի աղբյուրներն ասել են, թե սենատորներ Բարբարա Բոքսերն ու Ռոբերտ Մենենդեսն են մտահոգություններ հայտնել Բրայզայի թեկնածության շուրջ և հարցը միաձայն հետաձգվել է:
«Սպասվում է, որ Բրայզայի թեկնածության քվեարկությունը տեղի կունենա հաջորդ ամիս», լրատվամիջոցին ասել է Սենատի աշխատակազմի աշխատակիցը:












