Վերանորոգվում է Երևանի ոռոգման ցանցը
Երեւանում 400 մլն դրամի աշխատանքներ կկատարվեն նոր ոռոգման ցանցի ստեղծման եւ ներկայիս ցանցի նորոգման ուղղությամբ: Երեւանի քաղաքապետարանի գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ ոռոգման ցանց է անցկացվել Դավիթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Ավան-Առինջ վարչական շրջաններում:
«Սրանք շարունակական աշխատանքներ են. նախատեսվում է 25 կմ ջրագծի անցկացում մայրաքաղաքում»,- ասաց դենդրոլոգը` շեշտելով, որ ջրագծի անցկացման շնորհիվ հնարավորություն կստեղծվի բազմաթիվ նոր տարածքներ կանաչապատել: Արդեն մեկ ամիս է, ինչ կատարվում են վերականգնողական եւ ցանցի ստեղծման աշխատանքներ:
«Այն տարածքներում, որտեղ կանցկացվի ոռոգման ցանց, չորացում այլեւս չի լինի եւ ծառատնկման աշխատանքներ կկատարվեն»,- ասաց նա` ընդգծելով, որ անցկացվող ջրագծի նշանակությունը այս առումով բավականին մեծ է: Բոլոր վարչական շրջաններում մեկնարկած ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքները կավարտվեն տարեվերջին:












