Իրանը ձեռք է բերել հակաօդային պաշտպանության չորս հրթիռ
Ըստ իրանական ԶԼՄ-ների օգոստոսի 4-ին տարածած տեղեկատվության` Իրանը ձեռք է բերել հակաօդային պաշտպանության S-300 համալիրի չորս հրթիռներ, ընդ որում երկու հրթիռ Իրանին տրամադրել է Բելառուսը, իսկ եւս երկուսը գնվել են անհայտ վաճառողից:
Այս տեղեկատվությունն անմիջապես հերքվել է Բելառուսի կողմից. «Գոսկոմվոենպրոմ»-ը կարող է պաշտոնապես հայտարարել, որ S-300 համալիրի մատակարարման վերաբերյալ իրանական կողմի հետ որեւէ բանակցություն չի վարվել»,- հայտարարել է Բելառուսի Պետական ռազմա-արտադրական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Լավրենյուկը` հավելելով, որ «Բելառուսը խստորեն կատարում է սպառազինության նկատմամբ վերահսկողության վերաբերյալ միջազգային ակտերը»:
Հիշեցնենք, որ 2007թ. վերջին Իրանի եւ Ռուսաստանի միջեւ պայմանագիր էր կնքվել 800 մլն դոլար արժողությամբ S-300 հրթիռային համակարգի հինգ դիվիզիոն Թեհրանին մատակարարելու վերաբերյալ, սակայն այդ գործարքը դեռեւս կյանքի չի կոչվել:
ArmAr.am












