«Առավոտ». Հարավ-Կովկասյան երկաթուղու ղեկավարությունն ադրբեջանամե՞տ է
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը «Առավոտ» թերթին տված հարցազրույցում ասել է, թե. «Հարավ-Կովկասյան երկաթուղու եւ Ռուսաստանի երկաթուղու ղեկավարությունը բավական սերտ հարաբերությունների մեջ է ադրբեջանական քաղաքական էլիտայի հետ, ղեկավարներն ունեն ներդրումներ Ադրբեջանում, ունեն տնտեսական շահեր, իսկ ՌԴ երկաթգծի ղեկավարը ժամանակին Ալիեւի կողմից ստացել է շքանշան, նրան Ալիեւն անվանել է «Ադրբեջանի լավագույն ընկերը»:
«Հիմա ստացվում է, որ մեր երկաթուղին ղեկավարվում է Ադրբեջանի լավագույն ընկերների կողմից, ինչը, կարծում եմ, պետք է մտահոգի մեզ»:
Թերթի հետ զրույցում, խոսելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մասին նա նաև հավելել է. «Մի գործոն կա, որը տարածաշրջանում բավականին լրջորեն շահարկվում է եւ փորձ է արվում այն օգտագործել Հայաստանին խաբելու եւ թյուրիմացության մեջ գցելու համար: Թուրքական էթնոսը, Բոսնիայից մինչեւ Չինաստան, նպատակ ունենալով ձեւավորել միասնական տրանսպորտային համակարգ, այսօր այն իրագործում է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Ղազախստան առանցքով: Փորձ է արվում գայթակղել Հայաստանին՝ մասնակցելու նման ծրագրի, այսինքն՝ փորձ է արվում Հայաստանը վերածել Եվրոպայի եւ Ասիայի թուրքական պետությունների միջեւ կապող օղակի, որը կսպասարկի նրանց շահերը: Սրանով եմ ես պայմանավորում այն, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը առավել մեծ կարեւորություն է տալիս հայ-թուրքական սահմանի բացմանը եւ փաստացի խրախուսում է ղարաբաղյան կարգավորման ոչ հայանպաստ գործընթացը, որովհետեւ իրենց ռազմավարությունում առկա է Կարս-Գյումրի-Նախիջեւան-Մեղրի-Բաքու երկաթգծի վերականգնումը: Իսկ սա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ կբացվի հայ-թուրքական սահմանը, բնական է՝ թուրքական նախապայմանների բավարարումից հետո: Իսկ Նախիջեւանի եւ Մեղրիի հատվածը Բաքվի հետ կկապվի միայն այն դեպքում, երբ ԼՂՀ հարավային շրջանները կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ»:
ArmAr.am












