Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական

Նորից ռազմակալման (օկուպացիայի) չարչրկված հարցի շուրջ

Օգոստոս 6, 2010թ. 12:47

Ara PapyanՈ’չ նախագահական Օբամա, Սարկոզի, Մեդվեդեւ եռյակը, ոչ հարեւան եւ մեր հանրապետությունների պաշտոնյանները լիազորված չեն միջազգային իրավունքի հարցերում որոշումներ ընդունելու կամ վճիռներ կայացնելու: Նրանք միմիայն գոյություն ունեցող միջազգային իրավունքի դաշտում քաղաքական գործունեություն ծավալած պաշտոնյաներ են: Իհարկե, պաշտոնյաները կարող են սեփական տեսակետներն արտահայտել եւ դատողություններ անել, սակայն միջազգային իրավունքի հարցերի մեկնաբանությունը, ոԲչ իրենց երկրների օրենսդրությամբ եւ ոԲչ էլ միջազգային իրավունքով, բնավ վերապահված չէ նրանց:

Քանի որ այսօր Արցախի շուրջ հակամարտությունը հարաճուն կերպով սկսել է դիտարկվել միջազգային իրավունքի դաշտում, ապա հակամարտության կողմերը եւ միջնորդները, դատողություններ անելու փոխարեն եւ իրավական գնահատականներ ստանալու համար, պիտի դիմեն համապատասխան լիազոր մարմնին: Ներկա միջազգային համակարգում միակ կառույցը, որն իրավասու է վճիռներ կայացնել միջազգային իրավունքի հարցերի վերաբերյալ եւ որոշել միջազգային իրավունքի ոտնահարման առկայությունը, ՄԱԿ-ի Արդարադատության դատարանն է (International Court of Justice):

Արդարադատության դատարանի կանոնադրության (Statue of the International Law) 36-րդ հոդվածի երկրորդ մասն ամրագրել է նման լիազորություններ: Քանի որ, ըստ ՄԱԿ-ի Կանոնակարգի 92-րդ հոդվածի Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի հիմնական դատական մարմինն է (The International Court of Justice shall be the principle judicial organ of the United Nations), ապա ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները,  ipso facto,  ճանաչել են նշյալ դատարանի վերոհիշյալ լիազորությունները:

Արդեն առիթ ունեցել եմ գրելու, որպեսզի որեւէ իրավիճակ որակվի որպես ռազմակալում (օկուպացիա, occupation), ապա տվյալ իրավիճակը  պիտի համապատասխանի մի շարք հատկանիշների: Այսպես կոչված տուժող կողմը պիտի փաստի, որ մինչեւ տվյալ իրավիճակի առաջանալը խնդրո առարկա տարածքի վրա անվիճելիորեն առկա է եղել իր պետության տիտղոսը եւ ինքն է իրականացրել  տվյալ տարածքի լիակատար վերահսկումը (effective control): Մեր դեպքում, մինչեւ մեղադրանք հնչեցնելը, Ադրբեջանը պիտի դատական կարգով հաստատի, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքի վրա, մինչեւ գոյություն ունեցող  վիճակի առաջանալը, աներկբայորեն առկա է եղել Ադրբեջանի Հանրապետության տիտղոսը եւ Ադրբեջանը խնդրո առարկա տարածքի վրա իրականցրել է լիակատար վերահսկում (effective control): Հակառակ դեպքում, առանց այս  երկու փաստերի առկայության հաստատման, մերկապարանոց ու անհիմն են Արցախի տարածքի Ադրբեջանի Հանրապետությանը պատկանած լինելու բոլոր պնդումները, ըստ այդմ օկուպացիայի փաստի առկայությունը:

Կարծում եմ, որ եռանախագահողների նախագահները պարզամիտ հայտարարություններ անելու փոխարեն ներկայումս պիտի հորդորեն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությանը` ՄԱԿ-ի Արդարադատության դատարանից պատասխան հայցելու հետեւյալ հարցին.

Արդյո՞ք, ըստ միջազգային իրավունքի, Ադրբեջանի Հանրապետության տիտղոսն առկա է ներկայումս  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքի վրա:

Կողմերից մեկի հրաժարվելու դեպքում եռանախագահող երկրները, Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության 65-րդ հոդվածի հիման վրա, կարող են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անունից դիմել նշյալ դատարանին` հայցելով խորհրդատվական կարծիք (advisory opinion):

Առանց վերոհիշյալ հարցի պատասխանի հիմնազուրկ են բոլոր բայաթիները  օկուպացված տարածքի եւ նման բաների մասին: Առանց իրավասու մարմնի համապատասխան դատական վճռի Ադրբեջանի Հանրապետությունը չի կարող որեւէ մեկին մեղադրել օկուպացիայի մեջ. Ես էլ Ադրբեջանին եմ մեղադրում, որ նա բոլշեւիկյան 11-րդ բանակի օգնությամբ 1920թ. ապրիլ- դեկտեմբեր ամիսներին օկուպացրել է Հայաստանի Հանրապետության տարածքները եւ դրանց մի մասն էլ դեռեւս շարունակում է օկուպացված պահել: Թե՞ ոմանք կարծում են, որ Լենին-Ստալինի հետագա գործունեությունը օրինականացրել է, կամ կարող էր օրինականցնել, Հայաստանի Հանրապետության տարածքների բոլշեւիկյան օկուպացիան: Եթե այո, ապա ճանապարհները բացեք` ռուսական զորքերը գալիս են կանգնելու Գերմանիայի սրտում:

Արա  ՊԱՊՅԱՆ

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն