Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Դիմում-ուղերձ վարչապետ Սարգսյանին

Օգոստոս 6, 2010թ. 12:30

Դիմում-ուղերձ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին

Գյումրու Մուշ-2 թաղամասում բնակարան ստացած, ինքնակամ կառույցներում բնակվող բազմանդամ ընտանիքներին իրենց կողմից տնօրինվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու հնարավորություն ընձեռելու մասին

Հարգելի պարոն վարչապետ և պարոն նախարար.
Մենք գիտենք, որ Գյումրին տնակներից ազատելու խնդիրը Ձեր կողմից կարևորվում է:

Դուք քաջատեղյակ եք, որ անցած տասնամյակներում անօթևան հարյուրավոր ընտանիքներ, կորցնելով բնակարան ստանալու հույսը, ստիպված ստեղծել են ինքնակամ բնակելի կառույցներ: Ներկայումս նրանցից մի շարք ընտանիքներ բնակարաններ են ստացել և դրանք սեփականաշնորհելու համար պարտադրված են ժամանակավոր կացարաններից ազատել տարածքներն ու հանձնել քաղաքապետարանին:

Մեր ուսումնասիրություններով` բնակարանների բաշխման ներկա փուլով 1056 բնակարան ստացած ընտանիքների թվի գրեթե կեսը` 460-ը, բաղկացած են 5 և ավելի անդամներից, որոնք մեծ ցանկության դեպքում անգամ ժամանակավոր կացարանները հանձնելիս չեն կարող նոր ստացած` 40-65 քառ. մետր մակերեսով բնակարաններում տանելի պայմաններ ստեղծել իրենց ընտանիքների համար: Ուստի կարծում ենք` տեղին կլինի, եթե որոշ բազմանդամ և ինքնակամ բնակելի կառույցներ տնօրինող ընտանիքների, հիմք ընդունելով ընթացիկ տարում ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, հնարավորություն տրվի օրինականացնել իրենց ինքնակամ կառույցները և թույլատրվի նոր ստացած բնակարանները սեփականաշնորհել առանց ժամանակավոր կացարանների հանձնման: Նման մոտեցման դեպքում այդ բազմանդամ ընտանիքների բնակարանային խնդիրը կարելի կլինի համարել իրոք լուծված:

ՀՀ քաղաքաշինության նախարարությանն առաջարկում ենք նաև ստեղծել բնակարաններ ստացած ընտանիքների կողմից ժամանակավոր կացարանների ազատման հարցերն ուսումնասիրող հանձնաժողով: Եվ միայն այդ հանձնաժողովի ուսումնասիրությունների ու որոշումների հիման վրա տրամադրվեն տնակներից տարածքների ազատման մասին տեղեկանքները:

Դիմում ենք Ձեզ` ակնկալելով, որ նման հանձնաժողով ստեղծելու դեպքում դրանում ՀՀ քաղաքաշինության նախարարության, մարզային ու ՏԻՄ իշխանությունների ներկայացուցիչներից բացի կընդգրկեք նաև աղետի գոտում գործող ԶԼՄ և ՀԿ ներկայացուցիչներ:

Հարգանքով` «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն