ՀՀ կառավարությանը 50մլն ԱՄՆ դոլար
Օգոստոսի 6-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կայացած պաշտոնական արարողության ժամանակ` Էկոնոմիկայի նախարար Ներսես Յերիցյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը, և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման կնքեցին երկու համաձայնագիր, որոնց շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն 2010-2013 թվականների ընթացքում Հայաստանի կառավարությանը կտրամադրի մոտավոր արժեքով մինչև 50 միլիոն ԱՄՆ դոլար` ուղղված երկրի տնտեսական զարգացմանը, ինչպես նաև առողջապահական և սոցիալական բարեփոխումներին:
Ստորագրման արարողությանը ներկա էին նաև Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ:
Տնտեսական զարգացման օժանդակության համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ -ի կողմից Հայաստանին տրամադրվող մինչև 30 մլն. դոլարի ֆինանսավորումը կնպաստի ավելի մրցունակ և բազմազանեցված մասնավոր հատվածի զարգացմանը: Ծրագիրը կբարձրացնի փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակությունը երկրի զարգացման համար հեռանկարային ոլորտներում: Աջակցության նպատակային ոլորտները կլինեն նորարարական տեխնոլոգիաները, իրավական և կանոնակարգիչ դաշտի, ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարելավումը, աշխատանքային շուկայի զարգացումը, ինչպես նաև մասնավոր և հանրային հատվածների համագործակցությունը: Ի լրումն այդ ամենին, կբարելավվեն նաև երկրի կարևորագույն ենթակառուցվածքների` էներգետիկայի, ջրի և հեռահաղորդակցության քաղաքականության և կառավարման գործառույթները:
Առողջապահական և սոցիալական բարեփոխումների Օժանդակության համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ -ի կողմից Հայաստանին տրամադրվող մինչև 20 մլն. դոլարի ֆինանսավորումը կշարունակի օժանդակել ՀՀ Կառավարությանը առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման հարցում: Աշխատանքներն ուղղված կլինեն Հայաստանի քաղաքացիների առողջության բարելավմանը, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում պետական հատկացումների ավելացմանը, ինչպես նաև առողջապահական և սոցիալական ապահովության ծառայությունների որակի բարելավմանը: Ի հավելումն վերը նշվածի, ծրագիրը կխթանի ՀՀ քաղաքացիների մասնակցությունը առողջապահական և սոցիալական ապահովության ծառայությունների բարելավման գործում և կկարգավորի ծառայությունների մատուցման աշխատանքը:
«Երկու համաձայնագրերը, որոնք մենք այսօր ստորագրում ենք, ազդարարում են մեր փոխադարձ շահագրգռվածությունն ու պատրաստակամությունը խթանել Հայաստանի տնտեսական զարգացումը և տրամադրել համապատասխան առողջապահական և սոցիալական ծառայություններ երկրի ամբողջ բնակչությանը: Սա հիրավի կարևոր քայլ է ավելի թափանցիկ դարձնելու մեր երկրների կառավարությունների միջև համագործակցությունը, և մեծացնելու կողմերի ներգրավվածությունն ու քաղաքացիների մասնակցությունը»,- նշել է դոկտոր Չիման:












