Սփյուռքահայ ուսուցիչներից շատերն առաջին անգամ են Հայաստանում
Երեւանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում օգոստոսի 9-ին տեղի կունենա սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրի պաշտոնական փակման արարողությունը, որին կմասնակցի նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Զալինյանը տեղեկացրեց, որ ծրագրին մասնակցում են 76 ուսուցիչներ` 16 երկրներից:
Վերջիններս վերապատրաստվել են 4 խմբերում` մանկապարտեզ, մեկօրյա, տարրական ու միջին եւ ավագ: «Այս ծրագիրը ուղղված է մասնագետների որակի բարձրացմանը»,- ասաց Թ. Զալինյանը` նշելով, որ վերապատրաստման դասընթացներն անցկացվում են դասախոսների կողմից եւ կարեւորելով հայաստանյան ու սփյուռքի մասնագետների շփումները: Վերապատրաստման ծրագրի շրջանակներում ուսուցիչներն այցելել են ուսումնական հաստատություններ, ունեցել բազմաթիվ հանդիպումներ, մասնակցել էքսկուրսիաների եւ այլն:
Գլխավոր մասնագետը հավաստեց, որ այս պետական ծրագիրը մեծապես կարեւորվում է նախարարության կողմից: «Վերապատրաստման ծրագրին մասնակցելու նպատակով շատ ուսուցիչներ առաջին անգամ այցելում են Հայաստան»,- ասաց Թ. Զալինյանը` նշելով, որ բոլոր սփյուռքահայ ուսուցիչները` բացառությամբ վերջին 3 տարիներին Հայաստանում վերապատրաստվածների, կարող են դիմել եւ մասնակցություն ունենալ դասընթացներին: Պաշտոնական փակման արարողությանը ԿԳ նախարարը մասնակիցներին կհանձնի իր ստորագրությամբ սերտիֆիկատներ:












