Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն

Արցախի Հանրապետության կառավարությունը քննարկում է հացի գնի հարցը

Օգոստոս 11, 2010թ. 11:23

Arzax govԱրցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը` հանրապետության ալյուր և հաց արտադրող խոշոր կազմակերպությունների պատասխանատուների մասնակցությամբ այսօր` օգոստոսի 10-ին, հրավիրեց խորհրդակցություն` կապված հանրապետությունում հացի գնի կտրուկ բարձրացման հետ: Խորհրդակցությանը, որին ներկա էին նաև ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը և ԿԱ հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը, քննարկվեցին թանկացման պատճառները: Դրանք, ըստ ալյուր արտադրող ընկերությունների  ղեկավարների, պայմանավորված են տեղական շուկայում ցորենի բացակայությամբ, որն իր հերթին կապված է դրա գնի անորոշությամբ: Ալյուր արտադրող կազմակերպությունների ղեկավարները կառավարությանը դիմեցին հանրապետությունից հացահատիկի արտահանումը վերահսկելու խնդրանքով:
Հաց արտադրող կազմակերպությունների ղեկավարների խոսքերով, առաջին անհրաժեշտության սննդամթերքի թանկացումը ալյուրի գնից է կախված: Բարձրորակ հաց ստանալու համար նրանք այլուր են ներմուծում նաև Հայաստանից. գներն այնտեղ վերջին երկու օրվա ընթացքում բարձրացվել են: Սակայն փոխվարչապետի նկատառմամբ, հացի արտադրությունն առայժմ իրականացվում է նախկին գներով ձեռքբերված ալյուրով, և կտրուկ բարձրացումներն այդքան էլ հիմնավորված չեն: Ըստ Ս. Թևոսյանի, հացարտադրությունը բացի բիզնես լինելուց, նաև սոցիալական և պետական անվտանգության հարց է, և կառավարությունը չի կարող անտարբեր մնալ: Բնագավառում ցանկացած փոփոխություններից առաջ նախ պետք է խորհրդակցել և համաձայնության գալ կառավարության հետ, որպեսզի գործադիրը կարողանա համապատասխան միջոցներ ձեռնարկել:
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանի ունեցած տվյաներով, հանրապետությունում առաջիկա 20-25 օրում հացի թանկացում չպետք է տեղի ունենար: Թանկացումը հրատապ չէր. ըստ նրա, հակամրցակցային պայմանավորվածություն է ձեռք բերվել հաց արտադրողների միջև, ինչը հղի է բացասական հետևանքներով:
ԿԱ հարկային պետական ծառայության պետ Ա. Բալայանն առաջարկեց հացահատիկի պաշարներն ուսումնասիրելու և ճշգրտելու, գնի հարցում հետևություններ անելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ:
Խորհրդակցության ընթացքում ալրաղացների ղեկավարներն ու հաց արտադրողներն եկան ընդհանուր համաձայնության` առայժմ պահպանել նախկին գները: Ս. Թևոսյանը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողներին առաջարկեց հանդիպել նորից, համապատասխան առաջարկություններով և հիմնավորումներով փորձել գտնել ընդունելի լուծումը:
ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն