Ադրբեջանա-թուրքական հակասությունները խորքային են
Ադրբեջանցի քաղաքագետ Ջումշուդ Նուրիեւն ադրբեջանական «Հուրիեթ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարության մեջ քրդերի ներկայացվածությունը 21 տոկոս է: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ազադլըգ» թերթը` նշելով, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի մտերիմը համարվող այդ քաղաքագետի խոսքերով` ներկայիս խորհրդարանում էթնիկ խմբերի ներկայացվածությունը 50 տոկոսից ավելի է:
«Այս պահին էթնիկ խմբերը մեր ձեռքից խլել են մեր բոլոր իրավունքները: Երկրում բնակչության 80 տոկոսն ազերի թուրքեր լինելու դեպքում, այդ 20 տոկոս էթնիկ խմբերն իրենց իշխանության տակ են պահում Ադրբեջանի 80 տոկոսին…Այսպես մենք ու՞ր ենք գնում», -հայտարարել է նա:
Լրագրող, «Խալգ գազեթի» թերթի նախկին խմբագիր Մահալ Իսմայիլօղլուն թեմայի հետ կապված «Ազադլըգ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ժամանակ առաջ մամուլում տեղեկություններ են հրապարակվել իշխանությունը թրքացնելու ուղղությամբ Ք.Հեյդարովի մղած պայքարի մասին:
Ջ.Նուրիեւի հայտարարությունն այդ ուղու շարունակությունն է: Պատահական չէ, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն Բոդրումում իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ պահանջել է թուրքական կողմին հանձնել Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ կապեր ունեցող 5 բարձրաստիճան անձանց (պաշտոնյաներ եւ գործարարներ), որոնք, ըստ թուրքական կողմի համոզվածության, ֆինանսավորում են Թուրքիայում ինքնավարության համար պայքարող քուրդ զինյալներին: Իշխանության ներկայիս կազմն այնպես է ձեւավորվել, որ այնտեղ անգամ անհնար է ժամանակավոր փոփոխություն կատարել: Իրականում ներիշխանական հարաբերությունները չկարգավորվող գործընթաց է: Եթե այլ կերպ լիներ, բացահայտ ներկայացված չէր լինի ՔԱԿ հետ Ադրբեջանի իշխանության կապերը», -համոզմունք է հայտնել Մ.Իսմայիլօղլուն:
«Ենի Մուսավաթ»-ում Ջ.Նուրիեւի այդ սենսացիոն հայտարարությանն արած իր արձագանքում Քաղաքացիական համերաշխության կուսակցության (VHP) առաջնորդ Սաբիր Ռուստամխանլըն ասել է, որ անհրաժեշտ է շատ լուրջ մոտենալ նրա ասածներին: «Ադրբեջանում դժվարացել է այն, որ պաշտոնատար մարդիկ ազատորեն խոսեն իրենց ծագման մասին: Խնդիրը հենց սրանում է: Բայց խնդիր է նաեւ այն հանգամանքը, որ եւ տնտեսության, եւ քաղաքականության մեջ ամենաշատը ադրբեջանցի թուրքերն են ճնշվում», -ասել է նա: «Հզոր համակարգ» կուսակցության (BGP) նախագահ, պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի կարծիքով էլ կառավարության մեջ եւ խորհրդարանում նման տոկոսների առկայության մասին խոսակցություններն հասկանալի չեն:
«Եթե նման հստակ վիճակագրություն ունեն, թող հրապարակեն անուն առ անուն: Խորհրդարանում այլ ազգությունների ներկայացվածությունը բնական է: Բայց, եթե փաստեր կան նրանց որեւէ հակաադրբեջանական գործունեության մասին, թող ասեն: Թե չէ, նման վերացական հայտարարություններին վերաբերմունք ցույց տալ դժվար է մեզ համար: Եթե որեւէ մեկի ծագման մեջ այլ ազգություններ էլ կան, եւ մարդը հավատարմորեն ծառայում է Ադրբեջանի շահերին, նրան նեղացնելը վտանգավոր արդյունքների կբերի», -ասել է Ֆ.Մուստաֆան:












