Քանի դեռ Իսրայելում շատ ուժեղ է թուրք-ադրբեջանական լոբբին
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր Հայաստանում հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը հայտարարել է.«Եթե Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա դա կփչացնի թուրք-իսրայելական հարաբերությունները: Հայոց Ցեղասպանության ճանաչումը Իսրայելի կողմից միանշանակ կերպով փչացնելու է թուրք-իսրայելական հարաբերությունները, միանշանակ , Թուրքիան կփակի բոլոր ճանապարհները Իսրայելի համար»,-ասաց բանախոսը:
Այս հայտնի ճշմարտությունները հրապարակավ ասելուց հետո տիկին Վարժապետյանը նաև մի քանի խորհուրդներ է տվել հայերիս` մեր քայլերում նմանվել հրեաներին. Այսպես`«պետք է հայկական պետական ծրագրերը նմանեցնել հրեական ծրագրերի մոդելին, անընդհատ գրել, խոսել, տեղեկատվություն տարածել Ցեղասպանության մասին, միջոցառումներ կազմակերպել այդ թեմայով, ֆինանսավորել Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ծրագրերը», քանի որ հրեական համայնքի ղեկավարի համոզմամբ, Հայոց Ցեղասպանության մասին այսօր շատերը չգիտեն: «Դուք կարծում եք, հարևան Վրաստանում գիտե՞ն այդ մասին»,- հարց է ուղղել նա լրագրողներին:
Տիկին Վարժապետյանը, սակայն հույսեր ունի, որ մի օր Իսրայելի Քնեսեթը կվերանայի իր դիրքորոշումն ու «հայկական ջարդերը ողբերգություն որակելու փոխարեն կանվանի Ցեղասպանություն»:
«Հավատացեք ինձ, այդ հարցը կրկին ու կրկին վերանայվելու է, բայց կան բաներ, որ կապված են Իսրայելի անվտանգության, տնտեսության ու նաև բարոյական գործոնի հետ: Հրեաները համարում են, որ այն ինչ պատահեց Եվրոպայում ապրող հրեաների հետ /ի նկատի ունի Հոլոքոստը/, դա առանձնահատուկ բան էր, խելագարություն, որ կարող էր լինել մարդկության նկատմամբ: Բայց մենք չենք կորցնում հույսը, համոզված եմ, որ հարցը կրկին վերանայվելու է, թե երբ չեմ կարող ասել»:
Նա նաև ընդգծել է, որ Իսրայելում, մասնավորապես, Քնեսեթում, շատ ուժեղ է թուրք-ադրբեջանական լոբբին:
ArmAr.am












