Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Քաղաքականություն

Մեր իրավունքը չի կարող մեզ որպես պարգևական տրվել

Օգոստոս 16, 2010թ. 11:00

Ara papyanՑանկացած գործողություն ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է նկատի ունենալ մի շարք գործոններ: Ամենակարևոր գործոններից մեկը տվյալ գործողության շարժառիթն է, դրդապատճառը: Երբ այդ տեսանկյունից ենք նայում Աղթամարի սբ. Խաչ եկեղեցում սեպտեմբերին նախատեսված պատարագի մատուցումը և հարակից աղմուկը, ակնհայտ է դառնում դրանց, մեղմ ասած, ոչ պատշաճ հիմնառիթը: Միանշանակ է, որ այդ պատարագը և ողջ ձեռնարկը բնավ կապ չունեն աստծո փառաբանության հետ: Այն թուրքական հատուկ ծառայությունների կողմից հղացած խաբեպատիր միջոցառում է, որի միակ նպատակը, քաղաքագիտական խրթին բառերով ասած, դրական պատկերի հեռացոլում է (positive image projection):

Թուրքերը լավ են անում, որ հերթական անգամ խաբում են աշխարհին: Դա նրանց բնույթն ու իրավունքն է: Սակայն ես չեմ հասկանում այս խաղին հայերի հրճվալից մասնակցության իմաստը: Իբր, աշխարհը կիմանա, որ Աղթամարը հայկական եկեղեցի է: Նախ նա, ով պիտի իմանա, արդեն գիտի: Նա, ով չի ուզում իմանալ, չի իմանա: Սակայն վստահեցնում եմ ձեզ` դա չի լինելու աշխարհի մեծագույն լրատվականների հիմնական ուղերձը: Հիմնական միտքը թուրքերի հանդուրժողականության գովքն է լինելու: Թույլ մի տվեք, որ թուրքերը մեզ հերթական անգամ ստորացնեն: Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների ստորացումը մեզ մի քանի տասնամյակ հերիք է: Ինչո՞ւ եք ուզում նորից աղ ցանել մեր վերքերին:

Միանգամայն անընդունելի է այն տեսակետը, որ ՙայդ վայրերում այդքան մարդ չունենք, ի՞նչ պիտի անենք եկեղեցիները: Տարին մեկ անգամ պատարագն էլ բավարար է՚: Նախ թող պատասխանեն` ի՞նչ եղան այդ եկեղեցիները կառուցած հայերը: Հետո, խոսքը պատարագ մատուցելու մասին չէ, խոսքը իրավունքի` պատարագ մատուցելու իրավունքի մասին է: Գուցե հայերը հինգը տարին մեկ այդ եկեղեցիներում պատարագ մատուցեն, գուցե տասը, այսուհանդերձ նրանք իրավունք պիտի ունենան ցանկացած, եկեղեցիական կարգով նախատեսված պահի, պատարագ մատուցելու: Թուրքերը մեր իրավունքը մեզ որպես պարգևական են տալիս, իսկ մենք դրանով ուրախանում ենք: Մենք նման ենք այն մանուկին, որի հարազատներին կոտորել են, հայրենական ողջ կալվածքը խլել են, ապա մի փայլփլուն խաղալիք են շպրտել նրա առաջ և նա խելակորույս հրճվում է դրանով: 1912թ. թուրքական պաշտոնական տվյալներով Օսմանյան կայսրության տարածքում ավելի քան երկու հազար հայկական գործող, կրկնում եմ գործող, վանք ու եկեղեցի կար: Դրանք ապօրինի բռնագրավվել են Թուրքիայի Հանրապետության կողմից: Նախ թող օրինական տիրոջը վերադարձնեն եկեղեցապատկան, այն է` համայնքապատկան, այսինքն մեզ բոլորիս պատկանող, գույքը կամ հատուցեն դրա դիմաց:

Հետո, թող հավատարմորեն կատարեն իրենց իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները: Թուրքիան վերահսկող քեմալական շարժման հետ հարաբերությունների հաստատումը խարսխված է եղել որոշակի նախապայմանների վրա, որոնք ամրագրված են Լոզանի պայմանագրի (24 հուլիսի, 1923թ.) մեջ: Լոզանի պայմանագրի 38-րդ հոդվածի 2-րդ մասով Թուրքիայի բոլոր բնակիչներին, մասնավոր կամ հանրային կյանքում, տրվում է հավատքի, կրոնի կամ դավանանքի ազատություն (All inhabitants of Turkey shall be entitled to free exercise, whether in public or private, of any creed, religion or belief): Իսկ պայմանագրի 40-րդ հոդվածով նրանց տրվում է կրոնական հաստատություններ հիմնե¬լու, գործածելու և վերահսկելու իրավունք:

Ավելին, Լոզանի պայմանագրի 42-րդ հոդվածի 3-րդ մասով ՙԹուրքական կառավարությունը պարտավորվում է լիակատար պահպանության տակ առնել եկեղեցիները, սինագոգները, գերեզ¬մաններն ու նշյալ փոքրամասնությունների այլ կրոնական հաստա¬տությունները՚ (The Turkish Government undertakes to grant full protection to the churches, synagogues, cemeteries, and other religious establishments of the above-mentioned minorities): Բնականաբար ՙլիակատար պահպանությունն՚ իր մեջ ներառում է ոչ միայն եկեղեցի¬ները չքանդելն ու չավիրելը, այլև դրանց ամրացումն ու նորոգումը:

Հետևաբար, սբ. Խաչ եկեղեցու շենքի մասնակի նորոգումը և դրանում տարին մեկ անգամ պատարագ մատուցելու իրավունքը, ոչ թե ՙբարի կամքի դրսևորում՚ է, այլ Թուրքիայի կողմից հիմնական օրենքի կարգավիճակով ստանձնած միջազգային պարտավորու¬թյունների խիստ թերի և ուշացած կատարում՝ որոշակի քաղաքա¬կան շահարկման նկատառումով: Ըստ այդմ, բնավ մեր շահերից չի բխում այդ շահարկումների առջև լայն հնարավորություններ բացելը:

Արա Պապյան

ՙՄոդուս Վիվենդի՚ կենտրոնի ղեկավար

14 օգոստոսի, 2010թ.


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն