Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Հնչակյաններն անհնարին են համարում ՀԱԿ-ի հետ հետագա համագործակցությունը

Օգոստոս 16, 2010թ. 12:39

ՍԴՀՍոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչության Հայտարարություն

Օրերս Երևանում տեղի ունեցավ Ս.Դ.Հնչակյան Կուսակցության  Կենտրոնական Վարչության լիագումար նիստ, որին մասնակցում էին նաև Սփյուռքի տարբեր շրջանների ներկայացուցիչներ: Քննարկվեցին Հայրենիք-Սփյուռք և Կուսակցությանը վերաբերող զանազան հարցեր:

Ծանոթանալով  ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության   7-րդ Համագումարից հետո (16 դեկտեմբեր 2009թ.) իրականացրած աշխատանքներին, Կենտրոնական Վարչությունը միաձայն  ողջունում է նրա կողմից ինքնուրույն գործելու քաղաքական ուղեգծի ընտրությունը: Հայ իրականության առաջին քաղաքական Կուսակցությունը  չի կարող լինել որևէ այլ քաղաքական միավորի կցորդ: Կենտրոնական Վարչությունը առավել ևս մերժում է ՀԱԿ-ի ուղղակի պառակտողական միջամտությունը Կուսակցության ներքին հարցերին: Ուստի, անհնարին  է գտնում ՀԱԿ-ի հետ հետագա համագործակցությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:

Կենտրոնական Վարչությունը շեշտում է  ՍԴՀԿ-ի համար կարևորագույն հայ-թուրքական և Արցախի հարցի կարգավորման խնդիրներում իշխանության կողմից հարուցված գործողությունների և այդ գործընթացը սատարող քաղաքական ուժերի հետ առկա խորը անհամատեղելիությունը Կուսակցության Ծրագրի հետ:

Ողջունելի է նաև ՍԴՀԿ Հայաստանի Կազմակերպության այն համոզմունքը, ըստ որի,  Հայրենիքը   ամայացնող և քայքայող ճգնաժամից կարող է դուրս բերել միայն լիբերալ համակարգից անցումը  սոցիալ-դեմոկրատականի: Անձերի փոփոխումը համակարգի պահպանման պարագայում որևէ դրական արդյունք տալ չի կարող, ինչն  անվիճելիորեն հաստատում է Հայաստանի վերջին 20 տարիների պատմությունը:

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունը մեկ անգամ ևս  իր զորակցությունն է հայտնում Հայաստանի Հնչակյան կազմակերպությանը, ողջ Հայ Ժողովրդին հավաստիացնելով, որ իր հավաքական ներուժը դնելու է հանուն Արցախի ամբողջական անկախության ճանաչման, Հայ Դատի արդար լուծման, Համահայկական Միասնության ստեղծման և Մայր Հայրենիքը ընկերային արդարության, օրինականության, հավասարության և ազատության երկիր դարձնելու կարևորագույն ազգային խնդիրների իրագործման համար:

Ս.Դ. Հնչակյան Կուսակցություն

Կենտրոնական Վարչություն


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն