Վարդան Խաչատրյան .«Մենք ռիսկի ենք ենթարկում Արցախը»
ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը հայտարարություն է տարածել այն մասին, թե հայ-ռուսական հարաբերությունների և ՀԱՊԿ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու թեմաների քննարկումը մամուլում խորը մտահոգություններ է առաջացնում: Նախ, նշեմ, որ Ռուսաստանի հետ Գյումրիի ռազմաբազայի գործունեությունն առավել ընդգրկուն դարձնելու փաստաթղթի մեջ մեր խորին համոզմամբ պետք է ներառվի Հայաստանի հարակից տարածքներում ՀՀ անվտանգությանը սպառնացող զարգացումների մասին ռազմավարական դաշնակցի պատասխանատվության խնդիրը,ինչը, մեր տեղեկություններով, առ այսօր դրված չէ: Փաստենք, որ «միջազգայնորեն» ճանաչված սահմանների պահպանման պատասխանատվությունը դուրս է դնում Արցախն ու ազատագրված տարածքները և անվիճելիորեն բազմապատկում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծման վտանգ: Հայկական կողմը, մեր համոզմամբ, պետք է հավելի համաձայնագրի տեքստը` ՀՀ հարակից տարածքներում վտանգավոր զարգացումների դեպքում դաշնակցի պատասխանատվության աստիճանը: Վերջինիս բացառման դեպքում մենք ռիսկի ենք ենթարկում Արցախը և ուրվագծում ենք այն որպես ռազմական պոլիգոն:
Մեր ԶԼՄ-ներում ի հայտ եկած բարձրաձայնումներն այն մասին, որ անհրաժեշտ է դուրս գալ ՀԱՊԿ շրջանակից և արևմտյան անվտանգության համակարգի մեջ ինտեգրվել, ամենաքիչը զարմանալի են: Փաստենք, որ արդեն խիստ տարփողված պատերազմի վտանգի պայմաններում անվտանգության համակարգի փոփոխությունը նույնն է, թե ձիերը փոխենք գետանցման պահին: Նշենք, որ սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի չիմացությունը կարող է հանգեցնել մեր պետության և ազգի համար ամենավատ և ծայրահեղ հետևանքների:
ArmAr.am












