Խիստ կարեւոր է պատկերացնել նոր արտաքին մարտահրավերները
«Նախքան օգոստոսի 20-22-ին Երեւանում սպասվող ՀԱՊԿ հերթական գագաթաժողովը խիստ կարեւոր է հստակորեն պատկերացնել այն նոր արտաքին մարտահրավերները, որոնց առջեւ կանգնել է մեր երկիրը 2010-ի աշնան նախաշեմին»,-գրում է «Հայոց աշխարհ» թերթը:
Ըստ հոդվածագրի. «Հասկանալի է, որ, մի կողմից՝ թուրք-ամերիկյան հարաբերություններում նկատվող ճգնաժամը, մյուս կողմից էլ հետխորհրդային տարածքում Ռուսաստանի հանդեպ որդեգրվող ամերիկյան նոր քաղաքականությունը նկատելիորեն մեծացնում են պաշտոնական Մոսկվայի զորաշարժերի դաշտը, ինչից էլ նա փորձում է օգտվել։ Հետխորհրդային տարածքում Միացյալ Նահանգների դերի թուլացման հեռանկարները անխուսափելի են դարձրել նոր մրցակիցների ի հայտ գալու վտանգը Միջին Ասիայում՝ ի դեմս Չինաստանի եւ Հարավային Կովկասում՝ ի դեմս Թուրքիայի ու Իրանի։ Այս համատեքստում Ռուսաստանի համար մեծանում է ԱՊՀ հարավային սահմանների ռազմաքաղաքական վերահսկողության խնդրի կարեւորությունը։
Ռուսական բանակում տեղի ունեցած վերջին փոփոխություններից հետո ձեւավորված «Հարավ» խմբավորումը դառնում է այդ առաջադրանքի իրականացման հիմնական գործիքը՝ ներառելով Հյուսիսային Կովկասում, Աբխազիայում, Հարավային Օսիայում ու Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումները։ Նախկինում նման հզոր խմբավորման ստեղծումը, դրան գումարած Ս-300 հրթիռների տեղակայումը Աբխազիայում, ԱՄՆ-ի կողմից կարող էր դիտվել որպես անմիջական մարտահրավեր իր կենսական շահերին, բայց այժմ ամերիկացիները ակնհայտորեն հայտնվել են արձանագրողի դերում եւ չեն արձագանքում դրանց դիմաց Վրաստանում ամերիկյան հրթիռներ տեղակայելու առաջարկներին։ Այսինքն՝ Միացյալ Նահանգները հաշտվել են տարածաշրջանի ռազմաքաղաքական վերահսկողությունը Ռուսաստանին հանձնելու հեռանկարի հետ՝ փոխարենը Մոսկվայից ակնկալելով որոշակի զիջումներ այլ հարցերում։ Ուստի միանգամայն բնական է, որ նման պայմաններում Ռուսաստանը մի կողմ թողնելով աշխարհաքաղաքական փակուղու մեջ հայտնված Վրաստանը, լայն ու բազմապլան ռազմաքաղաքական խաղ է սկսել Հարավային Կովկասի մյուս երկու երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի հետ»։
Այս մասին գրում է «Հայոց աշխարհ» օրաթերթը:
ArmAr.am












