Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Լույս կտեսնի Կոստան Զարյանի պոեմների ժողովածուն

Օգոստոս 17, 2010թ. 15:27

Այս տարի նախատեսվում է տպագրել Կոստան Զարյանի «Սրտի ճանապարհ» խորագրով պոեմների ժողովածուն: Նախաձեռնությունը նվիրված է գրողի 125-ամյակին: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը, 2009 թվականին տպագրվել է Կ. Զարյանի բանաստեղծությունների ժողովածուն` «Բառերի ոսկին»:

«Այդ բանաստեղծությունները ինքս եմ հավաքել մամուլի էջերից. դրանք նախկինում որեւէ գրքով չեն տպագրվել»,-ասաց նա: Պոեմների ժողովածուն կտպագրվի առաջին անգամ: Գրականագետը նշեց, որ այս նախաձեռնություններն ուղղված են նախեւառաջ հայ հասարակությանը ծանոթացնելու Կոստան Զարյանի գրական հարուստ ժառանգությանը: «Այս գրողը Հայաստանում շատ քիչ է ճանաչված, քանի որ նա հիմնականում ապրել եւ ստեղծագործել է հայրենիքից դուրս: Բացի դա էլ Խորհրդային Միության տարիներին նրա գործերից միայն երկուսն են տպագրվել` «Տատրագոմի հարսը» եւ «Նավը լեռան վրա» վեպի փոփոխված տարբերակը»,-ասաց Ե. Տեր-Խաչատրյանը:

Գրականագետը նաեւ նշեց, որ «Նավը լեռան վրա» վեպով Կ. Զարյանը պետական ծրագիր է առաջ քաշել, ըստ որի` հայ ժողովուրդը պետք է ունենա մեկ միասնական գաղափար եւ ամեն գնով հետեւի դրան: «Զարյանը 1919 թվականին արտահայտել է մի գաղափար, որը պետք է տարիներ անց հայտարարեր Չարենցը` ասելով` «Ո’վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»«,-ասաց նա:


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն