Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Վարչապետը կարևորել է հայապահպանության գործում ուսուցիչների առաքելությունը

Օգոստոս 18, 2010թ. 09:09

2Երեկ կառավարությունում  վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովի  մասնակիցների հետ։

Հանդիպման նպատակն էր քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնախնդիրները, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը։

ՀՀ կրթության և գիտության ու Սփյուռքի նախարարները  վարչապետին են ներկայացրել համաժողովի աշխատանքները։ Նշվել է, որ  համաժողովի ընթացքում հնչեցված մոտեցումներն ուրվագծում են համագործակցության խորացման նոր եզրերն ու որոշակիացնում հետագա անելիքները, մասնավորապես` կրթական բարեփոխումների և հայապահպանության խնդիրների առնչությամբ։

Կարևորելով խորհրդաժողովի անցկացումը` վարչապետը մասնավորապես նշել է. «Սա կրթական չորրորդ համահայկական խորհրդաժողովն է, որն անցկացվում է Հայաստանում և դուք հնարավորություն եք ստանում ոլորտի պատասխանատուների հետ քննարկել կրթական բարեփոխումների ձեր տեսլականը։ Միևնույն ժամանակ, սա առաջին հավաքն է, երբ արդեն ունենք սփյուռքի նախարարություն։ Համաժողովը  ոչ միայն մասնագիտական հանդիպում է կրթական հարցեր քննարկելու, այլև մեր համահայկական խնդիրներին անդրադառնալու համար»։

Հանդիպման ընթացքում կարևորվել են մի շարք հարցեր, մասնավորապես`  մեկօրյա դպրոցների համար ուսումնական ծրագրի ստեղծումը, նոր ուսումնական և էլեկտրոնային նյութերի օգտագործումը կրթական գործընթացում, համահայկական բնագիտական օլիմպիադայի անցկացումը, արտերկրում դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև  մանկավարժների կենսաթոշակների հետ կապված հարցերը։

Ամփոփելով հանդիպումը` վարչապետը կարևորել է հայապահպանության գործում ուսուցիչների առաքելությունը նշելով, որ դրա համար մեր երկիրը ոչինչ չի խնայելու։


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն