ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը ընդունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Ստիվեն Փաունդին
Օգոստոսի 18-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Ստիվեն Փաունդին (Stephen Pound), որին ուղեկցում էր այդ երկրում Հայ դատի հանձնախմբի անդամ Սևան Արթինը։
Բրիտանացի խորհրդարանականի հաղորդմամբ՝ իր այցը, ինչպես նախորդ անգամ էր՝ 2007թ., ճանաչողական բնույթ է կրում։ ՙԽնդիրս է,- ասաց նա,- անմիջականորեն տեղում ծանոթանալ Լեռնային Ղարաբաղի ներքին կացությանը, քաղաքական վերնախավի և ժողովրդի տրամադրությանը՝ կապված ղարաբաղյան հիմնախնդրի հետ՚։
Հյուրի խնդրանքով ԱԺ նախագահը հակիրճ ներկայացրեց հանրապետության քաղաքական դաշտը, ձևավորված խորհրդարանական ավանդույթները և դրանց զարգացման տեսանելի հեռանկարները, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և այդ կապակցությամբ երկրի իշխանությունների ու ժողովրդի վերաբերմունքը։
Զրույցի ընթացքում խոսք գնաց նաև միջխորհրդարանական կապերի ձևավորման խնդրի շուրջ, այդ համատեքստում, մասնավորապես, քննարկվեցին արցախցի և բրիտանացի խորհրդարանականների միջև փոխադարձ շփումների ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները։
Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը։
ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ












