Գլխավոր » Politics, Ադրբեջան, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

ԿԱՐԾԻՔ. Զավեշտալի հակասություն, ի՞նչ է իրականում ուզում Մոսկվան

Օգոստոս 18, 2010թ. 17:09

5Հայաստանի լրագրողները, վերլուծաբաններն  ու քաղաքական գործիչները այդպես էլ չեն կարողանում վայելել իրենց ամառային արձակուրդները: Ռուսաստանը Ադրբեջանին С-300ПМУ2 «Фаворит» հակաօդային համակարգերի 2 դիվիզիոն է վաճառում` ձեռքի  հետ փոփոխելով Գյումրիի ռուսական ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ պայամանագիրը:

Նշենք, որ ըստ ՌԴ «Փորձագիտական վերահսկողության մասին» դաշնային օրենքի 25-րդ հոդվածի, Ռուսատանից զենքի և զինամթերքի արտահանումը չպետք է հակասի ՌԴ անվտանգությանը: Բայց իրավիճակը, այս առումով, զավեշտալի է դառնում:  Մի կողմից հայտարարվում է, որ ռուսական զորքերը պաշտպանելու են նաև Հայաստանի շահերը  (http://cdaily.am/home/paper/2010_07_31/news/20667/), բայց մյուս կողմից էլ նույն Ռուսաստանը մեր պոտենցիալ թշնամիներին համակարգեր է վաճառում, որոնք խոցելի են դարձնում ՀՀ օդային տարածքի յուրաքանչուր կետում գտնվող ինքնաթիռ, ներառյալ ռուսականները (http://www.lragir.am/armsrc/politics37449.html): Այսինքն, ռուսական ինքնաթիռները Գյումիից օդ բարցրանալուն պես խոցելի են դառնում հենց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված համակարգերի համար:

Կա’մ մեր մեծ եղբոր աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը (քանի որ եթե ռուսական ռազմաբազան պաշտպանի մեր անվտանգությունը, «Рособоронэкспорт»-ի կողմից ադրբեջանցիներին զինելն էլ կմեծացնի մեր անվտանգությանն սպառնացող վտանգը): Կա’մ էլ Ռուսաստանը իրականում բացարձակապես էլ մտադիր չէ հնարավոր պատերազմի դեպքում պաշտպանել ՀՀ անվտանգությունը, այդ պատճառով էլ հանգիստ զենք է վաճառում մեր հակառակորդներին: Ինչպես ասում են, «կարում են, անում են»:

Հիմա փորձենք հասկանալ, թե ի վերջո, ինչո՞ւ է Ռուսաստանը վաճառում С-300ПМУ2 «Фаворит»-ները Ադրբեջանին: Հիմնական պատճառները, ըստ էության, երկուսն են: Ռուսաստանը արդեն 5 դիվիզիոն էր պատրաստել Իրան արտահանելու համար: Սակայն միջազգային սանկցիաների պատճառով 800 միլիոն դոլարանոց գործարքը չեղյալ հայտարարվեց (http://lenta.ru/news/2010/08/04/never/) և այդ համակարգերը, կոպիտ ասած, «մնացին ռուսների վրա»: Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանը, ըստ էության, կարողացավ լուծել իր ֆինանասական խնդիրները, երբ ԱՄՆ-ն մտավ Իրաք և նավթի համաշխարհային գինը միջինում 3-4 անգամ բարձրացավ: Սակայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով համարյա կրկնակի կրճատվեց ՌԴ «Կայունացման ֆոնդը» :Ուստի այսօր Ռուսաստանի համար բավականին ձեռնտու կլիներ, եթե այս նավթաշատ կողմերում մի պատերազմ լիներ և բարձրանար նավթի գինը:

Բոլորի համար էլ պարզ է, որ եթե Ադրբեջանը բավարար չափով զինվի, հերթական ագրեսիվ պատերազմը կսկսի հայկական պետությունների դեմ, որն էլ, ինչպես նշվեց, կբերի նավթի գնի բարձրացմանը: Փաստորեն, С-300ПМУ2 «Фаворит»-ների դիվիզիոնները վաճառելով` Ռուսաստանը մի կողմից «ազատվում» է Իրանի համար նախատեսված համակարգերից, մյուս կողմից էլ մեծացնում է տարածաշրջանում պատերազմի, և ուրեմն նաև` Ռուսաստանի համար նավթից լրացուցիչ փող աշխատելու հավանականությունը:

Մոսկվայում, երևի թե հասկանում են, որ Երևանում կլինի վաճառքի դեմ բողոքող զանգված: Այդ պարագայում հասկանալի է, թե ինչու է ՌԴ նախագահ Մեդվեդևը Գյումրիի ռուսական ռազմաբազայի պայմանագրի գործողության ժամկետը 25 տարուց 49-ի երկարաձգելու մասին արձանագրություն ստորագրելու համար անձամբ ժամանում Երևան:

Ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է վերանայի Ռուսական ռազմաբազաների` մեր երկրում տեղակայվելու նպատակահարմարությունը: Պետք է ճշգրտվի, թե ռուսական ռազմաբազաների ներդրումը ՀՀ անվտանգության մեջ արդյո՞ք այնքան մեծ է, որ դրա համար արժե զրկվել արտաքին քաղաքականության մեջ ազատության որոշ աստիճանից:  Եվ եթե այդ ներդրումը իսկապես մեծ է, ապա արդյոք այդպես կլինի առաջիկա համարյա կես դարում: Եթե այն այդքան էլ մեծ չէ, կամ այդպիսին չի կարող լինել առաջիկայում (ինչը շատ ավելի հավանական է), ապա պետք է չհրաժարվել պայմանագիրը խզելու մեր հնարավորությունից: Եվ ի վերջո, արդյոք մեզ պետք է նման պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ, երբ այդ երկիրը մեր պոտենցիալ թշնամիներին նորագույն զինատեսակներ է վաճառում: Ակնհայտ է, որ հայ-ռուսական ռազմական գործընկերությունը առնվազն ձևական է դառնում և սկսում է կրել այլ նպատակներ, քան տարածաշրջանում խաղաղության պահպանումն է:

Դանիել Իոաննիսյան, Ժնև.  Շվեցարիա

ArmAr.am


Դիտել Politics, Ադրբեջան, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն