Լավրովը փորձել է հանգստացնել Հայաստանին
«C 300 համակարգը պաաշտպանական տեսակի զենք է, որը կոչված է սեփական տարածքը ուրիշի հրթիռային գրոհներից պաշտպանելու համար: Ընդամենը»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ուր հաստատել է Ադրբեջանին C 300 զենիթային համալիրներ վաճառելու մասին տեղեկությունը:
Ռուսաստանի ԱԳ նախարարը միաժամանակ փորձել է հանգստացրել է, ասելով. «Ես դրանում ապակայունացնող գործոն չեմ տեսնում: Պաշտպանական զինատեսակը չի առաջացնում ապակայունություն, բացառությամբ այն դեպքերի, երբ ինչ որ մեկը կիրառում է հարձակողական զենք»:
Լավրովը նկատել է, որ իր երկիրն այդ հրթիռաա-զենիթային համալիրները, ինչպես նաև ցանկացած այլ զինատեսակ, մատակարարում է միջազգային իրավունքի համաձայն, ներքին օրենսդրության եւ սպառազինությունների վաճառքի հսկողության համապատասխան:
Ռուսաստանի արտգործնախարարը նաեւ համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասի որեւէ երկիր չի սկսի պատերազմ: Լավրովը բերել է 2008 թվականի վրաց-ռուսական օսական պատերազմի օրինակը, ասելով, թե դա ցույց տվեց, որ պատերազմ սկսող ագրեսորը չի հասնի իր նպատակին:
Այնուհետեւ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների ապագային, ՌԴ ԱԳ նախարարը նշել է. «Ապագան իր բոլոր մանրամասներով գուշակել չենք կարող: Սակայն վերջին ժամանակահատվածում դիտարկվող բոլոր միտումները թույլ են տալիս վստահորեն ասել, որ այդ հարաբերությունները կպահպանվեն որպես դաշնակցային, ռազմավարական գործընկերության, որպես շատ մտերիմ, բարեկամ եւ եղբայրական երկու երկրների հարաբերություններ: Եվ հույս ունեմ, որ մի քանի տարի անց հնարավորություն կունենանք արձանագրել տնտեսական հարաբերությունների, ներդրումային փոխհարաբերությունների, մարդասիրական ոլորտի համագործակցության առավել խորը մակարդակ»: Նա նաեւ հուս է հայտնել, որ ԼՂ խնդրի կարգավորումը կվերացնի տարածաշրջանային համագործակցության համար դեռեւս առկա խոչընդոտները:
ArmAr.am
Թեգեր` C 300 համակարգ, Ադրբեջան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով












