Անվտանգության խորհրդի նիստ Ստեփանակերտում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ օգոստոսի 19-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված են եղել գյուղատնտեսության եւ կրթության ոլորտներին վերաբերող հարցեր:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արա Հարությունյանը, կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Սլավա Ասրյանը:
Անդրադառնալով 2011 թվականի բերքի տակ հացահատիկային մշակաբույսերի աշնանացանի աշխատանքներին, երկրի ղեկավարը հանրապետության կառավարությանը հանձնարարել է այն իրականացնել ժամանակին ու պատշաճ որակով, լուրջ ուշադրություն դարձնել վարկային եւ այլ միջոցների հատկացմանը եւ պարբերաբար զեկուցել կատարվող աշխատանքների ընթացքի մասին:
Բակո Սահակյանը նաեւ հանձնարարել է մանրակրկիտ ուսումնասիրել բնական աղետների հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ հիմնավորված առաջարկներ ներկայացնել` հողօգտագործողների կողմից վարկերի, հողի հարկերի ու վարձավճարների, ոռոգման դիմաց վճարների եւ այլ պարտավորությունների ժամկետները երկարաձգելու վերաբերյալ:
Խոսելով կրթության համակարգում առկա հիմնախնդիրների մասին, Նախագահ Սահակյանը անդրադարձել է նաեւ Ստեփանակերտում 1-ից 4-րդ դասարանների աշակերտներին դպրոցական համազգեստների հատկացման հարցին: Կրթության եւ գիտության նախարարությանը հանձնարարվել է դադարեցնել աշակերտներին դպրոցական համազգեստներ հատկացնելու գործընթացը` հաշվի առնելով հարցը համակողմանիորեն լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտությունը:












