Անկախ են այն երկրները, որոնք ուզում են լինել անկախ
Օգոստոսի 19-ին տեղի ունենացավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Արտաքին քաղաքականության հարցերի» հանձնաժողովի հերթական նիստը «Հայաստանը տարածաշրջանային վերջին զարգացումների լույսի ներքո» թեմայով բանախոսությամբ քաղաքագետ Իգոր Մուրադյանի:
Հայ-ռուսական հարաբերությունների նոր փուլը նա բնութագրեց որպես Մոսկվայի կողմից քաղաքականության բացարձակ կոմերցիալիզացում, իսկ Հայաստանի կողմից` ինքնավարության կորուստ:
Կարևորելով ժողովուրդների դերակատարումը երկրների անկախություն կերտելու գործում, բանախոսը շեշտեց, որ իրական անկախություն են ձեռք բերում այն երկրներն ու ժողովուրդները, որոնք ցանկանում են այն ունենալ և գործնական քայլեր անել:
Նրա համոզմամբ, աշխարհը հաշվի է առնում ոչ այնքան կառավարությունների դիրքորոշումը, որքան ժողովուրդների կամքը:
Ի.Մուրադյանը համարում է ԱՄՆ-ը տարածաշրջանային զարգացումների հիմնական գործոն, անգամ ներկայիս թվացող անգործության պայմաններում: Նրա կարծիքով, այժմ ԱՄՆ ու Եվրոպան միավորված ջանքերով սկսել են Թուրքիային զսպելու քաղաքականությունը, ուր Հայաստանն ունի իր ուրույն դերակատարությունը: Ուստի մեր կողմից միամիտ կլիներ միանշանակ առաջնորդվել Ռուսաստանի կամքով, քանի որ վերջինս պատրաստ է որոշակի զիջումներ անել Հայաստանի հաշվին, տարածաշրջանում սեփական դիրքերն ամրապնդելու նպատակով, մինչդեռ մեր միակ կայուն ու կանխատեսելի դաշնակից հանդիսանում է Իրանը: Հատկապես անթույլատրելի է Հայաստանի դիրքորոշումը պայմանավորել էներգակիրների տեղափոխման ծրագրերով, քանզի նավթի ու գազի գործոնը կտրուկ նվազելու է մոտ ապագայում, ինչի պատճառով էլ նվազելու է նաև Ադրբեջանի դերը տարածաշրջանում:
Իգոր Մուրադյանի գնահատմամբ, ԱՄՆ-ը ներկայիս փուլում թույլ է տալիս, որ Թուրքիան առաջ գնա տարածաշրջանային հավակնությունների առումով եւ այդպիսով բախվի տարածաշրջանի երկրների ու հարեւանների հետ: Հաջորդ փուլը լինելու է այն, որ ակտիվացնելու են Թուրքիային զսպելու ներուժ ունեցող երկրներին:
Ըստ բանախոսի ամերիկացիները առաջին անգամ դիմում են նոր` Ղարաբաղի հարցի խաղարկման, ընդդեմ Թուրքիայի: Այդ առումով, Իգոր Մուրադյանն ասում է, որ այդ հարցը չի լուծվի, քանի որ ամերիկացիները չեն ցանկանում դրա լուծումը: Քաղաքագետի կարծիքով, ԱՄՆ-ի համար Ղարաբաղի հարցը Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ շահի լուրջ բախում առաջացնող հարց է:
Ըստ բանախոսի նրանք, ովքեր համարում են, որ տարածք տալով կարելի է հարց կարգավորել, չունեն հեռանկար, շեշտելով, որ առաջին անգամ ԱՄՆ, Եվրոպան և Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի առումով համակարծիք էին, բայց Հայաստանն անկարող եղավ օգտվել դրանից:
Այս իշխանությունները առաջադրված խնդիրները կամ չեն գիտակցում կամ էլ չեն կարողանում լուծել: Ուստի հնչում է հռետորական հարց. կա արդյոք Հայաստանում էլիտար մի խումբ, որն ունի իշխանության գալու հավակնություններ եւ կարող է օգտվել ներկայիս նպաստավոր իրավիճակից, հռետորաբար հարցնում է Իգոր Մուրադյանը:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի մամլո ծառայություն
ArmAr.am












