Բակո Սահակյան. «Լիբանանի այս գողտրիկ անկյունում արթուն եմ տեսնում հայկական շունչն ու ոգին»
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջույնի խոսքը Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյակին եւ Այնճարի հիմնադրման 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ
Վեհափառ Տեր, Սիրելի հայրենակիցներ, Քույրեր եւ եղբայրներ,
Անչափ ուրախ եմ, որ առիթ ունեմ այսօր հանդիպել ձեզ հետ եւ բոլորիդ փոխանցել արցախցիների ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները:
Անսահման ուրախ եմ նաեւ, որ Լիբանանի այս գողտրիկ անկյունում արթուն եմ տեսնում հայկական շունչն ու ոգին, լեզուն ու մշակույթը, հավատը եւ դարերի խորքից եկող մեր ավանդույթներն ու սովորությունները:
Ճակատագրի բերումով հայ ժողովուրդը սփռվել է աշխարհով մեկ: Եվ որտեղ էլ բնակություն է հաստատել նա` նախեւառաջ հիմնադրել է դպրոցներ, կառուցել եկեղեցիներ, միշտ վառ պահել հայրենի օջախի կրակը: Դա է մեր ժողովրդի հարատեւության գաղտնիքը եւ այն խորհուրդը, որը պետք է իր մեջ կրի յուրաքանչյուր հայ ու փոխանցի իր զավակներին: Եվ հենց դրա փայլուն վկայությունն է այս հեռավոր երկրում ծաղկող ու բարգավաճող հայկական գեղեցիկ Այնճարը, որը դարձել է ձեր երկրորդ հայրենիքը: Շնորհակալություն ձեզ` ձեր հայրենասիրության ու անկոտրում կամքի, ձեր անձնազոհության ու սխրանքի համար:
Մուսալեռցիների հերոսական օրինակն ու ազատատենչ ոգին 95 տարի շարունակ ոգեշնչել են սերունդներին եւ կոչել նոր խիզախումների:
Մեր պատմության փառապանծ էջերից մեկը հանդիսացող այդ հերոսամարտից տասնամյակներ անց հայ ժողովուրդը կրկին ոտքի ելավ` պաշտպանելու հայրենի հողը եւ այդ հողում ազատ ու անկախ ապրելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իր իրավունքը: Դա Արցախյան ազգային-ազատագրական շարժումն էր, որը կրկին վերածնեց հայ ժողովրդի հաղթական ոգին եւ հավատը սեփական ուժերի հանդեպ: Աշխարհը մեկ անգամ եւս համոզվեց, որ օրհասական պահերին մենք կարող ենք լինել ուժեղ ու միասնական, կուռ ու անսասան, համախմբվել ու համատեղել մեր ջանքերը` հանուն համազգային գաղափարների ու նպատակների իրականացման:
Բարեկամներ, ես հպարտության խոր զգացում եմ ապրում` գտնվելով ձեզ հետ: Միաժամանակ ուզում եմ երախտագիտություն հայտնել Լիբանանի ժողովրդին ու իշխանություններին եւ բոլոր նրանց, ովքեր դժվար պահերին օգնության ձեռք են մեկնել մեր հայրենակիցներին: Այսօր դուք հանդիսանում եք ձեր երկրի արժանի քաղաքացիները եւ անձնվեր ու քրտնաջան աշխատանքով նպաստում եք նրա զարգացմանն ու բարգավաճմանը:
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ հիշարժան հոբելյանների առթիվ եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք: Ինչքան հզոր լինի մեր Սփյուռքը, այնքան հզոր կլինի Հայրենիքը, ինչքան հզոր լինի Հայրենիքը` այնքան հուսալի եւ ապահով կլինի հայ ժողովրդի ապագան: Այս գործում իր ուրույն դերակատարությունն ունեք դուք` հերոս մուսալեռցիների շառավիղներդ: Վստահ եղեք, հայրենիքում միշտ հիշում են ձեզ, ուրախանում ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով, կիսում ձեր հոգսերն ու դժվարությունները: Միայն այսպես ձեռք ձեռքի մենք կարող ենք ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը եւ հասնել նոր հաղթանակների:
Փա~ռք հայ ժողովրդին:
Փա~ռք հայոց անկախ պետականությանը:












