Նոր խթան` լիբանանահայության եւ Արցախի միջեւ կապերի խորացման
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 23-ին Բեյրութ քաղաքում հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Լիբանանի մասնաճյուղի ղեկավար կազմի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ Արցախի հետ կազմակերպության համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահը նշել է, որ ՀԲԸՄ-ը մեծ ներդրում ունի Արցախի զարգացման գործում, միաժամանակ ընդգծելով համագործակցությունը որակապես նոր հարթություն տեղափոխելու անհրաժեշտությունը: Բակո Սահակյանը նշել է կրթական ոլորտին, Արցախի եւ Սփյուռքի երիտասարդների միջեւ շփումները էլ ավելի խորացնելու հիմնախնդիրներին հատուկ ուշադրություն դարձնելու կարեւորությունը:
Նույն օրը երկրի ղեկավարը հանդիպել է «Լիբանանահայ Օգնության Խաչ» (ԼՈԽ) կազմակերպության ղեկավար կազմի հետ:
Հանդիպման սկզբում Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին կազմակերպության 80-ամյա հոբելյանի կապակցությամբ, նշելով, որ իր գործունեության ողջ ընթացքում «Լիբանանահայ Օգնության Խաչը» մեծ դերակատարություն է ունեցել ինչպես լիբանանահայության ազգային ինքնության պահպանման, այնպես էլ Հայրենիքին օգնություն ցուցաբերելու գործում:
Նախագահը նշել է, որ մեր երկիրը շահագրգրված է «Լիբանանահայ Օգնության Խաչի» հետ անմիջական համագործակցություն հաստատելու մեջ, ինչը նոր խթան կհանդիսանա լիբանանահայության եւ Արցախի միջեւ կապերի խորացման եւ ընդլայնման համար:
Հանդիպումներին մասնակցում էին Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Լիբանանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը, ինչպես նաեւ Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը:
ArmAr.am












