Արցախի Հանրապետության կառավարությունն ընդառաջում է հողօգտագործողներին
Պետության նկատմամբ հողօգտագործողների պարտավորությունները կհետաձգվեն երեք տարով
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են վերջերս Հանրապետության անվտանգության խորհրդի նիստում բարձրացված` աշնանացանի կազմակերպման և հողօգտագործողների պարտավորությունների հարցերը: Խորհրդակցությունում հայտարարվել է, որ պետության նկատմամբ հողօգտագործողների պարտավորությունները կհետաձգվեն 3 տարի ժամկետով` հավասարաչափ վճարման սկզբունքով: Կառավարությունն այս կերպ ընդառաջում է հողօգտագործողներին` խթանում հողի մշակության աշխատանքներին նոր թափ հաղորդելը: Այս քայլը լայն հնարավորություն է ընձեռում հատկապես առատ բերք ստացողներին` միջոցները նորից վերարտադրությանն ուղղելու համար:
Կառավարության ղեկավարը հանձնարարեց ժամանակին և պատշաճ մակարդակով ձեռնամուխ լինել աշնանացանին: Առանձին շրջաններում սկսված են հերկի աշխատանքները: Վարչապետը հորդորեց հնարավորինս շատ հերկ կատարել: Ա. Հարությունյանն ավելացրեց նաև, որ հողօգտգործողները վարկերի ձեռքբերման հետ կապված խնդիրներ չեն ունենա: Պետությունը պահանջարկին համապատասխան կտրամադրի վարկային ռեսուրսներ: Խնդիրներ չեն լինի նաև սերմի ձեռքբերման գործում: Ներկրված բարձրակարգ սերմը, սակայն, կտրվի նախևառաջ այն հողօգտագործողին, ով հողը մշակելիս առաջնորդվել է ագրոմիջոցառումներով:












