Կվերականգնվի 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած անձանց ապահովագրական ստաժը
Այսօր վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԼՂՀ կառավարության հերթական նիստը: Նախ, կառավարության ղեկավարը հետաքրքրվեց ԼՂՀ հռչակման 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման ընթացքով: Կառավարական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Սպարտակ Թևոսյանը հակիրճ ներկայացնելով նախատեսվող միջոցառումները, նշեց, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտման փուլում են, և անկախության տոնը հաստատված ծրագրի համաձայն անցկացվելու համար ոչ մի խոչընդոտ չկա:
Այնուհետև ներկաներն անցան օրակարգի հարցերի քննարկմանը: Կառավարությունը հաստատեց ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարության կողմից ներկայացված ՙՊետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցման մասին՚ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է մասնավորեցնել 3 միավոր գույք: Որոշման համաձայն` 1747.74 քառ մ ընդհանուր մակերեսով և 34954800 դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող Շուշիի նախկին առողջարանային համալիրի կիսավեր շենքն ուղղակի անհատույց տրամադրման ձևով, իսկ հողամասն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվեց ՙԱմարաս Ինվեստ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` առողջարանային – հյուրանոցային համալիր օգտագործելու նպատակով: Գնորդը պարտավոր է մինչև 2012 թվականը վերակառուցել շենքը` կատարելով առնվազն 150 մլն դրամի ներդրում և ստեղծել առնվազն 5 մշտական աշխատատեղ: Նույն որոշմամբ մասնավորեցվեցին Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղի համայնքային սեփականություն հանդիսացող կիսավեր շենքերը և հողամասը` տուրիստական և առողջարանային կենտրոն օգտագործելու համար: Գնորդը` տնտեսական զարգացման նախարարության հետ կնքվելիք պայմանագրով պարտավորվում է երկու տարվա ընթացքում կատարել առնվազն 90 մլն դրամ ներդրում և ապահովել 20 մշտական աշխատատեղ: Հաստատվեց նաև Ստեփանակերտի համայնքին պատկանող և ֆիզիկական անձի կողմից վարձակալությամբ օգտագործվող նկուղային տարածքը մասնավորեցնելու և որպես պահեստ օգտագործելու վերաբերյալ որոշումը:
Կառավարությունը հավանություն տվեց ՙԿյանքին և առողջությանը պատճառած վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչված դեպքում համապատասխան վճարների կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգը՚ սահմանող որոշման նախագծին: Սոցապնախարարությանը դիմած 11 քաղաքացիներ սահմանված կարգով կստանան համապատասխան վճարները: Սոցիալական ապահովության նախարարությունը հանդես եկավ 1988-1992 թվականներին Ադրբեջանում հանրապետությունից բռնագաղթած անձանց ապահովագրական ստաժը սահմանող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին որոշման նախագծով, ինչը արժանացավ կառավարության հավանությանը: Հանձնաժողովի նպատակն է լինելու Ադրբեջանում մինչև 1992 թվականը ձեռք բերած ստաժը հաստատելուն վերաբերող գրավոր դիմում-հայտարարությունները քննարկելը, եթե նրանք ստաժը հիմնավորող փաստաթղթեր չունեն:
Կառավարության համապատասխան որոշմամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթությունը կկազմակերպվի նոր մեթոդներով: Արդեն այս ուսումնական տարում նման երեխաների ուսուցման պայմաններն ու մակարդակը բարելավելու ուղղությամբ նախարարության կողմից աշխատանքներ են տարվել :
Առողջապահության նախարարության կողմից ներկայացված առաջարկություններով հանրապետությունում գործող մի շարք բուժհաստատությունների տրվեց թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման լիցենզիա:
Ոստիկանական ծառայությունն առաջարկում է սկսել ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների սեփականության գրանցման գործընթաց, ինչի հետ կապված լրացումներ և փոփոխություններ են անհրաժեշտ ՙՃանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին՚, ՙԳույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին՚, ՙՇարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավուքնի գրանցման մասին՚ ԼՂՀ գործող օրենքներում: Փոփոխություններ և լրացումներ կատարվեցին կառավարության նախկինում ընդունած մի շարք որոշումներում:
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի և կադաստրի պետական կոմիտեի կողմից առաջարկված և հավանության արժանացած մի շարք որոշման նախագծեր վերաբերում են հողերի կատեգորիան փոխելուն:
Քննարկվեց ԼՂՀ վերաբնակեցման ծրագրերում ընդգրկված համայնքների տարածքներում առկա պետական սեփականություն հանդիսացող անհատական բնակելի տների նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունների մասին հարցը: Հանրապետության տարածքում վերաբնակեցման ծրագրի շրջանակներում մինչև 2008 թվականի հունվարի 1-ը կառուցված պետական սեփականություն հանդիսացող, սակայն իրավունքը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության կամ չպահպանվելու պատճառով իրավունքի պետական գրանցում չստացած բնակելի տների նկատմամբ, հաստատված որոշման համաձայն, կսկսվեն իրականացնել պետական սեփականության իրավունքների պետական գրանցման աշխատանքներ:
Նիստի վերջում անդրադառնալով միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմման ընթացքին, վարչապետը նշել է, որ այն պետք է մշակել եկամուտներին համապատասխան, առաջնահերթության սկզբունքով և ժամանակին, որպեսզի ներկայացվի ԱԺ- քննարկմանը:












