Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հայաստան-Ռուսաստան ռազմավարական նոր պայմանագրի մասին

Օգոստոս 25, 2010թ. 17:27

Tigran-1-Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված ռազմավարական պայմանագիրը դեռ երկար ժամանակ կմնա քաղաքական վերլուծաբանների ուշադրության կենտրոնում: Իսկ հարցերը շատ են. 1994թ. հրադադարի համաձայնագրին հաջորդեց 1995թ. ստորագրված պայմանագիրը, որով Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետ սահմանվեց 25 տարին: Ինչո՞ւ են շտապում, երբ պայմանագրի ժամկետի ավարտին դեռ տասը տարի կա: Քաղաքական նոր իրավիճա՞կ է ստեղծվել տարածաշրջանում, սպառնալիքնե՞րն են ավելացել: Ի՞նչ է ստանալու Հայաստանը դրա դիմաց: Իսկ գուցե զիջե՞լու է… Կխնդրեի ձեր գնահատականը, որքանո՞վ է այս քայլը բխում Հայաստանի շահերից:

– Քաղաքական նոր իրավիճակ է ամբողջ աշխարհում, այդ թվում և Հարավ-կովկասյան տարածաշրջանում, որը ստեղծվել է 1985-ի գորբաչովյան պերեստրոյկայից հետո: Սոց. ճամբարը փլուզվել է, Վարշավայի ռազմական պակտը քանդվել, ՆԱՏՕ-ն ընդարձակվել դեպի Արևելք: Ուժերի հարաբերակցությունը ամենուր փոխվել է, որը և հանգեցրել է հակամարտությունների սրմանը Բալկաններում (նախկին Հարավսլավիայի փլուզում), Միջին Արևելքում (անգլո-ամերիկյան բանակների ներխուժում Իրաք և Աֆղանստան): 1988-ի Սումգայիթյան ջարդերով սկիզբ է առել Հայկական հարցի վերաարթնացման նոր հանգրվանը, որի առաջին փուլն ավարտվել է գաղութային լծից Արցախի ազատագրմամբ և 1994-ի հրադադարի կնքմամբ: Մի կարևոր խնդիր կա, որը քիչ է շոշափվում. դա հայության թվաքանակի նվազումն է տարածաշրջանում, ինչը սպառնալիք է Հայաստանի գոյության: 1988-ից ի վեր Ադրբեջանից և նրա հարակից տարածքներից բռնագաղթել է շուրջ 500.000 հայ, Հայաստանից հեռացել 1 միլիոն, Վրաստանից` մոտ 200.000 հազար: Սա մեծ թիվ է: Մյուս կողմից, տարածաշրջանում, թեկուզ ժամանակավոր, մեծացել է Թուրքիայի դերը, որը ավելի ու ավելի է ակտիվանում հայկական խնդիրներում: Խորանում է Թուրքիա–Ադրբեջան ռազմավարական գործընկերությունը: Հայաստանի շրջափակումը արևելքից (Ադրբեջան), արևմուտքից (Թուրքիա), հյուսիսից (Վրաստան, երկաթուղային շրջափակում), հարավից (Իրաք) անվտանգության հավելյալ խնդիրներ է առաջացնում: Այս ամենը ցույց է տալիս, որ 1995-2005 թթ. ընթացքում տարածաշրջանի ռազմաքաղաքական պատկերը էապես փոփոխվել է, ուստի նոր ռազմավարական պայմանագրի կնքումը Ռուսաստանի հետ, այդ թվում նաև Ռուսաստանի համար, հրատապ անհրաժեշտության բնույթ է ստացել:

Շտապողականությունը թելադրված է Թուրքիա–Իրան-Աֆղանստան ռազմավարական ճանապարհի կարևորությամբ, իսկ կնքված պայմանագիրը շահեկան կարող է լինել ոչ միայն Հայաստանի, այլ տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների համար տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու իմաստով, եթե այն ճիշտ ընկալվի և թարգմանվի նրանց կողմից:

Բոլորովին այլ հարց է, որ

ա) Այդ ռազմավարական համաձայնագիրը և՜ Հայաստանի, և՜ Ռուսաստանի համար նվազագույնը 100 տարով ուշացած է: Եթե այդպես չլիներ, այսօր տարածաշրջանում այլ կլիներ և՜ Հայաստանի, և՜ Ռուսաստանի ներկայությունն ու դերակատարությունը:

բ) հնարավորությունները մեծ չեն, ՆԱՏՕ կամ Ռուսաստան: Այդ երկուսի մեջ է կատարվել ընտրությունը, որտեղ քիչ դեր չի խաղացել այն հանգամանքը, որ Թուրքիան 1951-ից սկսած ՆԱՏՕ-ի ամենահավատարիմ անդամն է: Կան այլ հանգամանքներ ևս: Նշենք դրանցից երկուսը. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Մադրիդյան նորացված սկզբունքներ, Հայաստան-Թուրքիա Արձանագրություններ: Բայց Հայաստանի ռազմավարական երկարաժամկետ շահերի տեսանկյունից կար նաև երրորդ հնարավորությունը, որը չի քննարկվել ընդհանրապես: Դա Հայաստանի կողմից Մշտական զինված չեզոքության ճանապարհի ընտրությունն է, որի դեպքում հարցադրումը էապես կփոխվեր, այսինքն` ոչ թե Հայաստանը մաս կկազմեր ռազմական որևէ դաշինքի, այլ ռազմավարական որևէ դաշինք կամ դաշնակից կարող էր դառնալ Հայաստանի չեզոքության երաշխավորը` իրավունք ունենալով հայկական զինված ուժերի հետ միասին պաշտպանելու Հայաստանի չեզոքությունը ցանկացած սպառնալիքից ու ագրեսիայից:

Կարիք չկա այս հարցի վրա ավելի երկար կանգ առնելու, հետագայում այդ մասին խոսելու առիթ կլինի, հիմա փաստենք միայն, որ նախկին գլոբալ հակամարտությունների, օրինակ, առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ, Հայաստանը նույնքան և գուցե ավելի զորեղ դաշնակիցներ ուներ հանձին Անտանտի կամ Հակաֆաշիստական դաշինքի երկրների, և հայ զինվորն ու սպան էլ քաջաբար մարտնչել է էապես նպաստելով դաշնակիցների հաղթանակին, սակայն փոխարենը ի՞նչ է շահել… Իսկ ի՞նչ է շահելու լոկալ, թե գլոբալ նոր հակամարտություններին ու պատերազմներին ռազմավարական մի նոր դաշինքի կազմում նույնպիսի մի ջանքով ու քաջությամբ մասնակցելու դեպքում: Իսկ շահելո՞ւ է, թե՞ Հայաստանի թիկունքում ու նրա հաշվին նոր գործարքներ են կնքելու: Ահա հարցեր, որոնք պատասխաններ են ակնկալում:

Այլապես հասկանալի է, որ Հայաստան-Ռուսաստան պայմանագրի դեպքում խոսք կարող է գնալ նաև, թե՜ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության, թե՜ անվտանգության նոր երաշխիքների մասին: Կարծում ենք, սակայն, որ խնդիրը հարկավոր է դիտարկել նոր հարյուրամյակում Հայաստանի և հայության ռազմավարական ընտրության համատեքստում և կատարել այնպիսի ընտրություն, որի դեպքում սխալներն ու անճշտությունները բացառվեն ընդհանրապես:

Տիգրան ՓԱՇԱԲԵԶՅԱՆ «Ուխտ Արարատի» ամսագրի գլխավոր խմբագիր

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն