Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչին
Օգոստոսի 25-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նորանշանակ ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնին:
Ողջունելով պրն. Դեսալեյնի այցն հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունը հաջողություն մաղթեց նրա աստվածահաճո և մարդասիրական առաքելությանը: Վեհափառ Հայրապետը նաև գոհունակություն հայտնեց ՄԱԿ-ի գրասենյակի և Մայր Աթոռի միջև ձևավորված համագործակցության համար, որի շնորհիվ համատեղ իրականացվել են բնապահպանական մի շարք ծրագրեր:
Մասնավոր անդրադարձ կատարվեց փախստականների խնդիրներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանք հայտնեց այն զորակցության համար, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով ներկայացուցչությունը ցուցաբերում է փախստականների ընտանիքներին:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը պրն. Դեսալեյնին ներկայացրեց Հայոց Եկեղեցու առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմությունը, ինչպես նաև Եկեղեցու ներկայիս բազմակողմ գործունեությունը սոցիալական ոլորտում:
ArmAr.am












