Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Նախագահականում քննարկել են Հայաստանի տնտեսության զարգացման հարցերը

Օգոստոս 26, 2010թ. 15:18

KAR_8862sm-Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) գործադիր փոխնախագահ եւ գլխավոր տնօրեն Լարս Թանելի հետ: Քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման, ՄՖԿ-ի հետ ինչպես խորհրդատվական, այնպես էլ ներդրումային ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Սերժ Սարգսյանը ողջունել է մեր երկրում Կորպորացիայի գործունեության ակտիվացումը եւ պատրաստակամությունը` միջազգային փորձագետների ներգրավմամբ աջակցելու Հայաստանի տնտեսության հեռանկարային ոլորտների զարգացմանը:

Նախագահն ընդգծել է հատկապես բանկային, էներգետիկ, հանքարդյունաբերության ոլորտներում, գործարար միջավայրի բարեփոխումների եւ կառավարման համակարգի պարզեցման ուղղություններով ՄՖԿ-ի խորհրդատվական ծառայությունների կարեւորությունը, նշելով, որ նաեւ կոնկրետ գործարար ծրագրերին Կորպորացիայի ներդրումային մասնակցությունը չափազանց օգտակար կլինի:

ՄՖԿ-ի գործադիր փոխնախագահ Լարս Թանելը, խոսելով Հայաստանում Կորպորացիայի գործունեության ընդլայնման եւ առաջիկայում իրականացվելիք ծրագրերի մասին, վստահեցրել է, որ դրանց արդյունքները մոտ ապագայում արդեն տեսանելի կլինեն:

Տեղեկացնենք, որ  Միջազգային ֆինանսական կորպորացիան` IFC (ՄՖԿ) Համաշխարհային բանկի խմբի անդամ է: Հայաստանը ՄՖԿ-ի անդամ եւ բաժնետեր է դարձել 1995թ.: Կորպորացիան Հայաստանում խորհրդատվական ծառայություններ սկսել է մատուցել 1999 թվականից, իսկ ներդրումներ կատարել` 2000 թվականից: Առ այսօր ՄՖԿ-ն Հայաստանի տնտեսության տարբեր հատվածներում ներդրել է 87 մլն ԱՄՆ դոլար`18  ծրագրում: Կորպորացիայի գործունեության առաջնահերթություններն են` փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանն աջակցությունը, էներգաարդյունավետության խթանումը` տեղական ընկերությունների մրցունակությունը բարձրացնելու եւ կլիմայական փոփոխությունները նվազագույնի հասցնելու համար, բանկերին եւ ընկերություններին օգնությունը` հաղթահարելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները:


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն