Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակի հերթական տգիտությունը
«Ազգ» թերթի վերլուծաբանը անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Էլդար Սաբիրօղլուի այն հայտարարությանը, թե Հայաստանն այլեւս չի կարող հանդես գալ որպես անկախ պետություն, ավելացնելով. «Հանձնելով ազգային անվտանգության ապահովման գործը Ռուսաստանին, Հայաստանը ցույց տվեց աշխարհին, թե իբրեւ պետություն ինչ է իրենից ներկայացնում: Չի կարելի այլեւս Հայաստանին բնութագրել որպես անկախ պետություն: Միջազգային հանրությունը սկսել է կասկածանքով վերաբերել նրան»:
«Ի դեպ, Ապշերոն թերակղզում տեղակայված Գաբալայի ռազմակայանը նույնպես ռուսներն են վերահսկում: Ավելին, Ադրբեջանը՝ ի հակակշիռ հայ-ռուսական դաշինքի, երկրի տարածքում թուրքական ռազմակայան տեղակայելու պատրաստակամություն է հայտնում: Սակայն չենք ուզում Գաբալայի ռազմակայանի մասին խոսել: Ինչ վերաբերում է թուրքական ռազմակայանի տեղակայմանը, ապա Թուրքիան եւ Ադրբեջանը մեկ ազգի երկու պետություններն են, ուստի դա էլ կարելի է շրջանցել:
Սակայն ինչպե՞ս վարվել Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի ցամաքային, ռազմածովային եւ ռազմաօդային բազաների հետ, որոնք, այդ թվում՝ Ինջիրլիքը, սկսել են գործել դեռեւս 1954-ից: Մինչեւ 1966 թիվը այս ռազմակայանների կողքին երկրի տարածքում տեղակայվել է նաեւ 112 ռադիոլոկացիոն կայան: Թուրքական «Գենել բիլգե» կայքէջի հավաստմամբ, 1980-ական թթ. Թուրքիայում տեղակայված ամերիկյան ռազմակայանների եւ հետախուզական կառույցների թիվը հասել է ավելի քան 100-ի, իսկ Ինջիրլիքի ռազմակայանում, ինչպես «Բիանեթ» կայքէջն է նշում, 1998-ին արդեն ատոմային 90 մարտագլխիկ կար: Էլ չենք խոսում այն մասին, որ թուրք ծառայողների մուտքը, ներառյալ զորահրամանատարները, արգելված է երկրում տեղակայված ամերիկյան ռազմակայաններ:
Այսինքն, ադրբեջանցի հրոսակի տրամաբանությամբ, երբ խոսքը վերաբերում է ռուսական գեթ մեկ ռազմակայանի, ապա դա կասկածի տակ է դնում Հայաստանի անկախությունը, իսկ ամերիկյան ավելի քան 100 ռազմակայաններ, անշուշտ, միմիայն «ընդլայնում են» Թուրքիայի անկախությունը: Մնում է ենթադրել, որ տեղակայման դեպքում թուրքական ռազմակայանը կհամադրվի Գաբալայի ռուսական ռազմակայանի հետ, եւ Ադրբեջանը կդառնա աշխարհի «ամենաանկախ» պետությունը:
ArmAr.am












