Հայ-ռուսական պայմանագիրը տեղեկատվական անվտանգության համատեքստում
Այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպել են պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի անդամ, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ու «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Քննարկման թեման եղել է` «Հայ-ռուսական պայմանագիրը տեղեկատվական անվտանգության համատեքստում»:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով, ադրբեջանական քարոզչամեքենան հայ-ռուսական պայմանագրում կատարված փոփոխություններից հետո լուրջ խնդրի առաջ է կանգնած. Ադրբեջանի իշխանություններն իրենց հասարակության ներսում` հանձին Հայաստանի, ստեղծել էին թույլ և հեշտ հաղթելի հակառակորդի կերպար, սակայն այդ կեղծիքն այլևս երերուն է:
Փարձագետը համոզված է, որ այժմ էլ ադրբեջանական լրատվամիջոցները սկսելու են վարկաբեկել հայ-ռուսական հարաբերությունները ու այնպիսի տպավորություն ստեղծել, իբր պայմանագրային փոփոխությունների արդյունքում, Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումից հետո ոչինչ էլ չի փոխվել:
Գագիկ Հարությունյանն էլ նկատել է, թե ադրբեջանական լրատվամիջոցներն առայժմ զուսպ են արձագանքում պայմանագրում կատարված փոփոխություններին. «Լինելով «վերևներից» կառավարվող, նրանք սպասում են ՌԴ նախագահի` Ադրբեջան կատարելիք այցի արդյունքներին»:
Սակայն, ըստ Հարությունյանի, Ադրբեջանում այդ փոփոխություններից հետո ձևավորվել է մի «կրիտիկական զանգված», որը դժգոհ է ու քննադատում է Ադրբեջանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը, , քանի որ Ադրբեջանն իրար հետևից ձախողում է նախ` Իրանի հետ հարաբերությունները, ապա էներգետիկ ծրագրերը, իսկ Թուրքիայից սպասելիքներն այնքան էլ չեն արդարանում:
Գ. Հարությունյանը խորհուրդ է տվել տեղեկատվության անվտանգության համատեքստում դիտարկել Ադրբեջանին C-300 պաշտպանական համալիրի վաճառքի մասին տեղեկությունները: Նա ասել է, որ Ռուսաստանը նման տեղեկություններ շրջանառելու սովորություն ունի և հիշեցրեց, որ արդեն տասը տարի է խոսվում է Իրանին C-300 համալիրի վաճառքի մասին:
Ռուս-հայկական պայմանագրի ստորագրումից մի քանի օր անց ԱՄՆ Պետդեպարտամենտը հանդես էր եկել հայտարարությամբ և նշել, որ պայմանագրի ստորագրումը միայն երկու երկրների գործն է։ Մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպի հայտարարությունը՝ «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն ասել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն իր հայտարարությամբ արձանագրում է փաստը։ Սակայն, իր կարծիքով, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև որոշակի համաձայնություն է ձևավորվել ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ավելի լայն տարածաշրջանային խնդիրներում։
«Կարծում եմ՝ սա ուղղակի զուսպ գնահատական է այն իրողության, ինչ-որ կա, և՝ ընդամենը, բայց ունի նաև բավական լուրջ ենթատեքստ»,-նշել է Գագիկ Հարությունյանը։
ՊՆ-ին առընթեր Հասարակական խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանն էլ իր հերթին նշել է, որ ինչ-որ պայմանավորվածությունների կայուն ժամանակաշրջան ենք մտնում, և տարածաշրջանը կարծես ավելի կանխատեսելի է դառնում։
ArmAr.am
Թեգեր` Գագիկ Հարությունյան, Դավիթ Ջամալյան, Հայ-ռուսական պայմանագիր, ռուսական ռազմակայան












