ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր արձակուրդի մի մասն անցկացնում է Ջավախքում
Մենք չենք պարզել, թե ՀՀ նախարարներից քանիսը որտեղ են անցկացրել իրենց հանգիստը, հայտնենք միայն, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այս օրերին Ջավախքում է: Միանգամից ավելացնենք նաև, որ այցը կրում է ոչ թե պաշտոնական, այլ` մասնավոր, արձակուրդային բնույթ: Պարզ է, որ պարոն Աշոտյանը Ջավախք չի մեկնել միայն հանգստանալու կամ հյուրասիրվելու ջավախքցու հարկի տակ: Ելնելով վերջին բացասական իրադարձություններից, որոնք տեղի են ունենում Ջավախքում` նաև կրթական ոլորտում, ՀՀ կրթական գերատեսչության ղեկավարի այս քայլը, այն է` արձակուրդի մի քանի օրը գեղատեսիլ Ջավախքում անցկացնելը, մտավորականության, ուսուցիչների, գործիչների, Ջավախքի խնդրով մտահոգ մարդկանց և պարզապես հասարակության կողքին գտնվելը, կարելի է որակել մեկ նախադասությամբ` սրտացավություն հայրենական խնդիրների նկատմամբ:
Բազմիցս ենք շեշտել, որ ջավախահայությունը նաև ունի բարոյահոգեբանական մեծ աջակցության կարիք: Բազմիցս են հնչել մտահոգություններ, որ ՀՀ պետական պաշտոնական այրերը քիչ են այցելում տարածաշրջան, իսկ կատարված այցերի մեծ մասն էլ հիմնականում պաշտոնական բնույթի են, և հասարակ ժողովուրդը, բացի քաղաքավարի ժպիտներից, մեկ-երկու վայրկյան պաշտոնյաների դեմքերը նշմարելուց և մի շարք խոստումներից, ուրիշ բան չի տեսնում: Ներկայումս նույնպես, ելնելով վրացական “անկոտրում” քաղաքականության դառը փորձից, դժվար է հավատալ, որ պարոն Աշոտյանի` Ջավախք այցելությունից հետո, հենց սեպտեմբերի մեկին տեղում կբացվի հայ-վրացական պետական բուհ, կավելացվեն հայոց լեզվի դասաժամերը, պետական ծրագրերի մեջ կներառվեն “հայոց պատմություն” կամ “Հայաստանի աշխարհագրություն” առարկաները, վերջապես` տարածաշրջանում հայերենը կստանա իրավական կարգավիճակ, սակայն մեկ բան հստակ կարող ենք ասել. առաջնահերթորեն և հրատապ է նախևառաջ վերականգնել ջավախահայության բարոյական գիտակցությունը և ազգային ոգին, դրանից հետո տեղի հասարակությունն ինքը կարող է շատ հարցեր լուծել: Ա. Աշոտյանի` շատ կողմերով օրինակելի սույն այցը մեծապես ծառայելու է նաև այդ նպատակին:
Հ.Գ. ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այցը դեռ շարունակվում է, մեր տեղեկություններով նա այսօր այցելելու է Վրաստանի Քութայիս քաղաք, ուր հետևելու է ջավախահայ ուսուցիչների վերապատրաստման ընթացքին, որին մասնակցում է նաև ՀՀ ԿԳ նախարարության կողմից գործուղված մասնագետների խումբը: Այցի արդյունքների և այլ մանրամասների մասին կտեղեկացնենք մեր առաջիկա հրապարակումներում:
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
Ջավախք-Երևան
ArmAr.am












