Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Քաղաքականություն

«Սա քաղաքական ուժեղ հաղթաթուղթ է Հայաստանի ձեռքին՝ ընդդեմ Ադրբեջանի»

Օգոստոս 29, 2010թ. 09:56

Հայ-ռուսական պայմանագրի արձագանքները իրանահայ մամուլում

Օգոստոսի 19-ին, երբ պաշտօնական այցով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդւեդեւը Հայաստանում էր, հէնց այդ այցի շրջագծում օգոստոսի 20-ին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ տեղի ունեցած բանակցութիւններից յետոյ՝ ստորագրւեց արձանագրութիւն Գիւմրիում՝ ռուսական ռազմաբազաների վերաբերեալ համաձայնագրի գործողութեան ժամկէտը մինչեւ 2044 թւականը երկարաձգելու մասին, ըստ որի՝ համաձայնագրի գործողութեան ժամկէտը սահմանւում է 49 տարի: Թէ այն ինչ կը տայ մեզ՝ հայերիս, եւ ինչու 49 տարի, «Ալիք»-ի հարցադրման շրջագծում ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի խմբագիր դոկտ. Կարէն Խանլարեանը նախ նշեց, որ ներկայ հանգրւանում սա քաղաքական ուժեղ յաղթաթուղթ է Հայաստանի ձեռքին՝ ընդդէմ Ադրբեջանի: Ապա ի պատասխան մեր հարցադրմանը եւ անդրադառնալով համաձայնագրի նշանակութեանը՝ նա նշեց, որ սա իրականութեան մէջ 1995 թւականի մարտի 16-ի հայ-ռուսական պայմանագրի վերանորոգումն է՝ իր էութեամբ:

«Եթէ մինչեւ հիմա զուտ տեսական իմաստով չէր հիմնաւորւում կամ չէր բացատրւում ռուսաստանեան ռազմաբազաների ներկայութիւնը Հայաստանի տարածքում, այս վերանորոգւած տարբերակով, կարծում եմ, լուրջ բանաձեւ եւ իմաստ գտաւ այս ներկայութեան հարցը, որովհետեւ, այդտեղ նշւել է, նախագծից գիտեմ, որ ռուսաստանեան ռազմաբազան ոչ միայն պէտք է պաշտպանի Ռուսաստանի Դաշնութեան շահերը, այլ նաեւ Հայաստանի զինւած ուժերի հետ պէտք է պաշտպանի նաեւ Հայաստանի Հանրապետութեան շահերը:

Ես կարծում եմ, որ Ղարաբաղի հարցի լուծման ներկայ հանգրւանում, երբ արդէն մի-երկու տարուց աւել է, որ Ադրբեջանը միլիտարիստական սպառնալիքներ է անընդհատ հնչեցնում Հայաստանին, իմ կարծիքով, սա քաղաքական ուժեղ յաղթաթուղթ է, որ մենք հանեցինք ընդդէմ ադրբեջանցիների, որովհետեւ եթէ ոչ սա, ապա մենք ի՞նչ պէտք է անէինք այդ միլիտարիստական սպառնալիքների դէմ, կամ մենք էլ պէտք է սկսէինք փողոցի այդ տղայական ինչ-որ վարքագծով յոխորտանքներ հասցէագրել, մենք էլ սպառնալիքների լեզւով խօսէինք եւ անվերջ այս միջպետական բանավէճը պէտք է գնար: Կամ պէտք է ունենայինք մի ինչ-որ դիւանագիտական լուրջ քայլ, որով արդէն կասեցնէինք այդ բանավէճը: Ես կարծում եմ՝ պայմանագրի վերանորոգումը մի յաղթաթուղթ է, ֆակտոր, որով մենք, կարծում եմ, կը կարողանանք դեռ երկար ժամանակ մի կողմ դնել եւ ապահովել մեր, չէի ասի գերակայ, բայց գոնէ հաւասար դիրքերը՝ բանակցային գործընթացում:

Մեր այն հարցին, թէ ինչու 49 տարի, պրն. Խանլարեանը պատասխանեց.

«Կայ այսօր այդ խնդիրը, որ ինչու մենք պէտք է այդքան երկար ժամանակւայ համար ստորագրենք մի այդպիսի պայմանագիր, որ արդէն 2044 թւականը, այսինքն՝ պայմանագրի աւարտը, միանգամայն մի այլ սերունդ պէտք է ղեկավարի Հայաստանը կամ ապրի նոյնիսկ Հայաստանում, մենք ինչու ենք կանխում նրանց ռազմավարական որոշումների կամ նոր ռազմավարութիւններ մշակելու իրաւունքները: Սա՝ տեսականօրէն, այսինքն՝ այս հարցադրումը ճիշտ է, բայց պէտք է նշեմ, որ այդ ժամկէտը ցոյց է տալիս, առաջին հերթին, պայմանագրի ռազմավարական արժէքը եւ այդ իմաստով, ես կարծում եմ, կողմերը փորձեցին ի լուր աշխարհի՝ ասել, որ մենք լուրջ ռազմավարական մակարդակի պայմանագիր ենք կնքել: Սա սոսկ ռազմաբազայի գոյատեւման կամ որեւէ մի այլ հարց չէ, այլ աւելի հեռահար նպատակներ հետապնդող ռազմավարական նշանակութեան պայմանագիր է: Դա է նաեւ այն յաղթաթուղթը, որ քիչ առաջ նշեցի. այդ յաղթաթղթի իմաստաւորման առումով, կարծում եմ, նկատի է առնւել 49 տարի»:

«Ալիք» օրթերթ

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն