ՀՀ ԱԳ նախարարության կայքէջում տեղադրված քարտեզում`Արցախը Ադրբեջանի կազմում է
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը բազմիցս է անդրադարձել այն խնդրին, որ հայաստանյան շատ հեռուստաընկերություններ շարունակում են ջուր լցնել ադրբեջանական քարոզչական ջրաղացին` պարբերաբար շրջանառելով մեր երկրի` թերի կամ ամբողջությամբ սխալ քարտեզներ: Զավեշտականն այն է, որ հեռուստատեսությամբ, տպագիր մամուլով ներկայացվում է անգամ ԼՂԻՄ-ի քարտեզը, չգիտակցելով, որ նման վարչատարածքային միավոր այլևս աշխարհում գոյություն չունի: Նույնիսկ Ադրբեջանը ԼՂԻՄ-ի քարտեզը չի շրջանառում:
Դժվար է ասել, հեռուստաընկերությունների նման պահվածքը չիմացությա՞ն արդյունք է, անփութությա՞ն, թե՞…
Պարզվում է, սակայն, որ քարտեզների հարցում վիճակը առավել ցավալի է Հայաստանի Հանրապետության պետական գերատեսչությունների պաշտոնական կայքէջերում, դրանցում տեղադրված քարտեզներում մեր երկրի աշխարհաքաղաքական պատկերն ամբողջությամբ աղճատված է:
ՀՀ նախագահի պաշտոնական կայքում տեղադրված քարտեզն այսպիսի աղճատված պատկեր ունի:
Որոշ նախարարությունների կայքէջերում տեղադրված քարտեզներում Արցախի Հանրապետությունն ընդհանրապես գոյություն չունի:
Ինչպես օրինակ ՀՀ Տարածքային կառավարման, Բնապահպանության, Գյուղատնտեսության, Տրանսպորտի և կապի նախարարությունների կայքէջերում տեղադրված քարտեզներում:
Իսկ ահա ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այս առումով գտնվում է ամոթալի, խայտառակ վիճակում.
ՀՀ ԱԳ նախարարության պաշտոնական կայքում տեղադրված քարտեզում` Արցախը Ադրբեջանի կազմում է:
Այս առումով միակ դրական բացառությունը ՀՀ կառավարության կայքէջն է, որում տեղադրված է մեր հայրենիքի` Հայաստան-Արցախ, միացյալ քարտեզը:
Մեկնաբանություններն ավելորդ են, հետևությունը թողնում ենք մեր ընթերցողներին:
Հ.Գ.Ի դեպ, մեր հրապարակումից քիչ անց տեղեկացանք, որ ՀՀ ԱԳ նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված քարտեզը, որում Արցախը Ադրբեջանի կազմում էր, հանվել է` փոխարինվելով մեկ ուրիշով, սակայն այս անգամ էլ մեկ այլ թյուրիմացությամբ. նոր տեղադրված քարտեզում ազատագրված տարածքներն են «հանձնվել» Ադրբեջանին:
ArmAr.am














