ԼՂՀ վարչապետը շնորհավորել է ԼՂՀ նախագահի ծննդյան 50-ամյակը
Այսօր լրանում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ծննդյան 50-ամյակը: Այդ առթիվ հանրապետության նախագահին շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Արա Հարությունյանը: Ուղերձում նշված է.
ՙ Թանկագին Բակո Սահակի
Ի սրտե շնորհավորում եմ Ձեր ծննդյան 50-ամյակը և հղում Ձեզ ջերմ բարեմաղթանքներս: Ձեր անցած կեսդարյա ուղին լի է տքնանքով ու նշանակալից ձեռքբերումներով, Ձեր ապրած կյանքը նվիրյալի տոկունությամբ հայրենի երկիրը ապահով ու ծաղկուն դարձնելու լավագույն օրինակներից է: Դուք ունեք Ձեր արժանի ներդրումը մեր երիտասարդ պետության կերտման գործում՝ Ձեզ համար կարևոր մի առաքելություն, որ առավել նպատակասլաց ու արդյունավետ բնույթ է կրում Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելուց հետո: Արդեն երեք տարի Ձեր ղեկավարությամբ մեր պետական, քաղաքական և հասարակական կառույցները գործում են միախմբված ու հեռագնա ծրագրերով և նոր թափ են հաղորդել ԼՂՀ հզորացմանը: Տեսանելի ու գնահատելի են Ձեր նպատակային ջանքերը հանրապետությունում տնտեսական զարգացման տեմպերը արագացնելու, սոցիալական իրավիճակի բարվոքացման, օրինականության ու արդարության հաստատման և բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման ուղղությամբ: ԼՂՀ ազգաբնակչության գերակշիռ մասը պաշտպանում է Ձեր վարած քաղաքականությունը, մի էական հանգամանք, որ նաև Ձեր մարդկային ու քաղաքացիական ցանկալի նկարագրի շնորհիվ է կայանում:
Թանկագին Բակո Սահակի
Ձեր գեղեցիկ հոբելյանի առթիվ մաղթում եմ քաջառողջություն, արցախյան երկարակեցություն, բոլոր ծրագրերի ու երազանքների անթերի իրականացում: Արևշատություն, ուժ և կորով Ձեզ, բարօրություն՝ Ձեր ընտանիքին: Աստծո օրհնությամբ թող Ձեր հաջորդ կես դարը նույնպես լիանա լույսով ու արգասավորությամբ՚:
Սիրով՝
ԼՂՀ վարչապետ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ












