Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր

Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Օգոստոս 30, 2010թ. 16:00

29-2Օգոստոսի 29-ին` Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի տոնին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն: Պատարագիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ձեռամբ քահանայական օծում ստացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի չորս միաբան սարկավագներ:
Նախորդ օրը, երեկոյան ժամերգությունից առաջ տեղի ունեցավ սարկավագների ընծայման արարողությունը: Սուրբ Պատարագին, շարականների երգեցողության ներքո և աղոթքների ընթերցմամբ Հովակիմ Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին, Ս. Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը` շնորհելով հոգևոր նոր անուններ: Մանուկ սարկավագ Մալխասյանը վերակոչվեց Տ. Աբրահամ քահանա, Սևակ սարկավագ Գրիգորյանը` Տ. Ահարոն քահանա, Եսայի սարկավագ Կաբաղյանը` Տ. Գեղարդ քահանա, Արթուր սարկավագ Գևորգյանը` Տ. Սիփան քահանա: Ձեռնադրության և օծման արարողության ավարտին քահանա հայրերը ներկաներին տվեցին իրենց անդրանիկ օրհնությունը:
Այնուհետև ձեռնադրող Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցու կյանքում կարևոր և ուրախալի այս իրադարձությանը, որով չորս նոր եկեղեցականներ հոգևոր ծառայության կոչվեցին: Իր ոգեշունչ քարոզում Հովակիմ Սրբազանն ասաց. ՙՍուրբ Մարիամ Աստվածածնի գոտու գյուտի տոնին այս խորանը պտղաբերեց և ծնվեցին չորս նոր քահանաներ, քահանաներ, որոնց Սուրբ Իգնատիոս Անտիոքացին նմանեցնում է առաքյալներին, ովքեր պետք է մտնեն ժողովրդի մեջ և քարոզեն Տիրոջ Ավետարանը՚: Խոսքն ուղղելով նորընծա քահանաներին` նա հորդորեց աներեր հավատքով, նվիրվածությանբ և նախանձախնդրությամբ ծառայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու հայ ժողովրդին, պատասխանատվության գիտակցումով մոտենալ իրենց սուրբ կոչմանը և իրենց վստահված հայորդիներին առաջնորդել ճշմարտության և հավիտենության ուղիով:
Այս բերկրալի առիթով Սրբազան Հայրը շնորհավորեց նաև Ամենայն Հայոց Հայրապետին` կատարված ձեռնադրությունը տեսանելի արտահայտությունը նկատելով Հայոց Եկեղեցու վերազարթոնքի:
Այնուհետև Նորին Սրբության առաջնորդութամբ Մայր Աթոռի միաբանները բարձրացան Ս. Խորան` շնորհավորելու և համբուրելու քահանաների մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը:
Նույն օրն երեկոյան կատարվեց նաև վեղարի տվչության արարողությունը: Տ. Սիփան քահանան վեղար ստացավ` համալրելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը։
Քառասնօրյա աղոթական շրջանից հետո նորընծաները ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն