Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Պատմությունը մեզ վերջնաժամկետ է ներկայացրել

Օգոստոս 1, 2010թ. 09:32

Շատ հետաքրքիր ժամանակաշրջան ենք ապրում: Բոլոր մակարդակներում հայկական կողմից առկայ է թուրքահաճոյ գործունէութիւն: Կարծես թէ մենք ենք ցեղասպանութիւն իրականացրել եւ փորձում ենք զոհի սիրտը շահել: Որպէս ապացոյց նշեմ մեր այն հայրենակիցների պատրաստակամութիւնը, որոնք մեծ ոգեւորութիւն են ապրում Աղթամար գնալու, մէկ օրով թուրքերի մեծահոգութիւնից օգտուելու եւ այսպէս ասած՝ ողբալու մեր կորուսեալ հայրենիքը: Համատեղ համերգներ են կազմակերպւում, իրար հետ նուագում են, փորձում են ցոյց տալ, որ մի հաց ու ջրի ժողովուրդ ենք: Մեր երաժիշտները շատ հաճոյքով վերադառնում, լեկենտներ են պատմում: Անցեալ տարի մեր 80 ուսանողները գնացին, ցեղասպանութեան դէմ փաստաթուղթ ստորագրեցին առանց հասկանալու:

“Ոսկէ ծիրանում” թուրքն է շահում: ԶԼՄ-ներում ընդհանուր միտում է նկատւում, որ սրանք այն թուրքերը չեն: Սա շատ վտանգաւոր մի գործընթաց է, որովհետեւ ցանկացած ցեղասպանութիւնից առաջ այս կարգախօսը մտել է շրջանառութեան մէջ, որ սրանք ուրիշ թուրքեր են, այն թուրքերը չեն: Եւ ծիծաղելի ու զարմանալի է, որ դրա մասին նոյնիսկ Ռուբէն Հախվերդեանն է խօսում, մտքեր է արտայայտում, որոնք շատերիս զարմացնում է: Թուրքական կողմը տարեսկզբին թուրքական բոլոր համաշխարհային կազմակերպութիւններին յայտարարեց հայկական կողմին սիրաշահելու 10 տիրեկթիւների մասին, հայկական կողմը բաժանեց երեք մասի՝ հանդուրժողների, չէզոքների եւ ծայրայեղականների: Կարծես թէ այս ամէն ինչը գործողութեան մէջ է: Այս ամէնի մէջ վտանգ եմ տեսնում այն առումով, որ եթէ մենք նոյնիսկ տասնամեակներ յետ գնանք դէպի Խորհրդային Միութեան տարիներ, նոյն Սեւակը, Իսահակեանը, Սարեանը, Մինասը, Գալշոյեանը եւ մեր միւս մեծերը ընդհանուր մի պաշտպանական համակարգ էին ստեղծել:

Այսօր քանդւում է այդ պաշտպանական համակարգը: Դա հոգեբանական պաշտպանական լծակ էր: Իրենց ստեղծագործութիւններով նրանք նշում էին, որ թուրքը պէտք է պատասխան տայ իր արածի համար: Իսկ այս ամէնը մոռանալը, կլոպալիզացիոն հրապուրիչ ծրագրերով ներկայացնելը իրօք ազգակործան մի գործընթաց է, որովհետեւ վաղուայ պահանջատէրերն այսօր սկսում են իրար հետ հաց կիսել, ջուր խմել՝ իբր հարեւաններ ենք: Բայց ինձ համար զարմանալի է, թէ ինչու է դա միակողմանի, ինչու թուրքական կողմը չի ընդունում իր յանցանքը, որը մինչ օրս շարունակւում է:

Եւ ամենազարմանալին այն է, որ մեծ գումարներ են դնում այս “մերձեցման” մէջ, գրականութիւն է “լոյս աշխարհ” գալիս, որտեղ հենց հակահայկականութիւն է քարոզւում, որտեղ ասւում է, որ հայերը քոչուոր ազգ են եղել, հազիւ մի 100 տարուայ պատմութիւն ունեն: Այսինքն, հայ աւանդական կազմակերպութիւնների, մտաւորականութեան եւ ցանկացած մտածող հայ մարդու առջեւ այսօր մեծ խնդիր է դրուած: Պատմութիւնը մեզ վերջնաժամկէտ է ներկայացրել, իսկ հակառակորդ կողմը լուրջ գումարներ է ծախսում եւ քնած չէ:

Հարություն ԱՌԱՔԵԼՅԱՆ

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն