Ադրբեջանի հրեաների առաջնորդ. « Բաքվում նոր սինագոգը պետք է կառուցվի»
Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ֆինանսական աջակցությամբ Բաքվում պետք է սինագոգ կառուցվի:
Այդ մասին «AEN» հրեական տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանի լեռնային հրեաների համայնքի ղեկավար Սեմյոն Իխիլովը:
Նա ասել է, որ Բաքվի նոր սինագոգը պետք է կառուցվի «Ձմեռային այգի» կառուցելու համար քանդված նախկին սինագոգի տեղում:
«Նախագահ Իլհամ Ալիեւը խոսում է նավթի եկամուտները արդարացի կերպով բաժանելու մասին: Հետեւաբար` մահմեդականներին հավասար նավթային եկամուտներից օգտվելու իրավունք ունեն նաեւ հրեաներն ու քրիստոնյաները»,- հայտարարել է Ադրբեջանի հրեաների առաջնորդը:
«Նախնական տեղեկություններով, սինագոգի շինարարության համար մի քանի միլիոն մանաթ կպահանջվի, ինչը տարբեր շրջանակներում միանշանակ չի ընդունվում: Անցյալ տարի մի քանի մզկիթներ քանդած իշխանության այդ քայլը լուրջ անհանգստություն է առաջացրել մահմեդականների շրջանում»,- գրում է «Pia.az»-ը:












