Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

«Սեպտեմբերի 2-ը համազգային տոն է»

Սեպտեմբեր 2, 2010թ. 09:41

LXH- AJԱրցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

Արցախի պատմության մեջ, որպես շրջադարձային ու կարևորագույն փաստ, առանձնանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին Հռչակագրի ընդունումը ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների՝  բոլոր կարգի պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած համատեղ նստաշրջանում։

Սեպտեմբերի 2-ին լրանում է այդ նշանակալի իրադարձության 19-ամյակը, և  Արցախի ժողովուրդը, ինչպես որ համայն հայությունը, օրինական հպարտությամբ հերթական անգամ այդ օրը նշում է որպես համազգային տոն։

Ըստ էության քաղաքակիրթ էր մեր՝ արցախահայության, որդեգրած դիրքորոշումը։ Հռչակագրի ընդունմամբ մենք մեկ անգամ ևս  հավաստեցինք մեր հավատարմությունը  ժողովրդավարության համընդունելի արժեքներին ու մեր պատրաստակամությունը՝ անշեղ իրագործելու ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա նորանկախ պետությունների ձևավորման և ինքնիշխան պետականության կառուցման միջազգայնորեն ամրագրված իրավական նորմերը։

Անշուշտ, անասելի ծանր ու դժվարին էր  ազատության և անկախ պետականաշինության մեր անցած ուղին՝  հագեցած մարդկային ու նյութական կորուստներով, ամենատարբեր խոչընդոտներով։ Դեռևս քիչ չեն նաև լուծման սպասող մեր խնդիրները։

Բայց, այնուամենայնիվ, մենք ի զորու եղանք և ի զորու ենք  հաղթահարելու այդ ամենը՝ մեր համախումբ ջանքերով, Մայր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության,  Սփյուռքի  մեր հայրենակիցների շարունակական աջակցությամբ, ապահովելով սահմանադրորեն երաշխավորված ազատ ու ինքնաբավ կյանք՝ կայացած ազգային պետականության հովանու ներքո։

Շնորհավոր տոնը, սիրելի հայրենակիցներ։

Խաղաղություն ու բարօրություն բոլորիս, մեր հայրենիքին։


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն