Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Անկախության դաս` Արցախի պետական համալսարանում

Սեպտեմբեր 1, 2010թ. 19:49

Սեպտեմբերի 1-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այցելել է Արցախի պետական համալսարան: Խորհրդարանի նախագահի հետ միասին ԱրՊՀ էր այցելել նաև ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Մայր բուհում, ինչպես որ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում, այդ օրն Անկախության դաս էր` նվիրված սեպտեմբերի 1-ի և 2-ի տոներին՝  Գիտելիքի, գրի ու դպրության օրվան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 19-ամյակին։

Նախքան դասը, բարձրաստիճան հյուրերը ԱրՊՀ ղեկավարության և պրոֆեսորա-դասախոսական կազմի ներկայացուցիչների հետ միասին հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան պատերազմում զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակին` ծաղիկներ դնելով համալսարանի բակում տեղադրված հուշակոթողի պատվանդանին:

Անկախության դասը տեղի ունեցավ բոլոր ֆակուլտետների առաջին կուրսեցիների մասնակցությամբ:

Վստահություն հայտնելով, որ իր պատանի ունկնդիրները գիտակցված են մասնագիտական ընտրություն կատարել, խորհրդարանի նախագահը պատգամեց. ՙԵս ուզում եմ, որ դուք, բացի մասնագիտական գիտելիքներից, լավ տիրապետեք նաև քաղաքական նրբերանգներին, քաջ իմանաք մեր երկրի օրենքները և լինեք ակտիվ կենսադիրքի տեր քաղաքացիներ: Դուք անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սերունդն եք, Ձեզ վիճակված է բարձր պահել երկրի քաղաքացու պատիվը՚:

Անդրադարձ կատարելով ԼՂՀ հռչակման անցած տարիների պատմությանը, ԱԺ նախագահը պարզաբանեց 1991թ. սեպտեմբերի 2-ի Հռչակագրի ընդունման իրավաքաղաքական հիմունքները, ներկայացրեց Արցախի անկախ պետականության կայացման և ամրապնդման, երկրում քաղաքացիական հասարակության կառուցման գործընթացների իրողությունները:

Ուսանողների առջև բանախոսությամբ հանդես եկավ նաև ԼՂՀ պաշտպանության նախարարը` խոսքի ավարտին ՊԲ ռազմական խորհրդի հուշամեդալով պարգևատրելով ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանին:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն