«Ինքնորոշման իրավունքը պետք է իրականացվի Արցախի ժողովրդի կամարտահայտությամբ»
Վերջին տարիներին հաստատված ավանդույթի համաձայն, Գիտելիքների օրը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելեց Երեւանի պետական համալսարան, ուր ելույթ ունեցավ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողների առջեւ:
Կից ներկայացնում ենք ԱԳ նախարարի խոսքը:
«Հարգելի պարոն Սիմոնյան,
Հարգելի դասախոսներ, սիրելի ուսանողներ,
Ցանկանում եմ շնորհավորել ձեզ ուսումնական տարվա մեկնարկի, իսկ առաջին կուրսի ուսանողներին` մայր-Բուհի ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկն ընդունվելու կապակցությամբ, մաղթել ձեզ գիտելիքներով եւ հաջողություններով լի ուսումնական տարի:
Սեպտեմբերի 1-ի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում մեր ավանդական դարձած հանդիպումը լավ հնարավորություն է ընձեռում անդրադառնալու արտաքին քաղաքական իրադարձություններին, զարգացումներին մեր դիվանագիտության կողմից ձեռնարկվող քայլերին, պատասխանելու ձեր հարցերին:
Մեր նախորդ հանդիպումից հետո բավականին կարեւոր զարգացումներ տեղի ունեցան թե՛ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, թե՛ եվրոպական ուղղությամբ մեր դիվանագիտության կողմից ձեռնարկվող քայլերի, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև տարբեր երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման առումով:
Անցնող տարին նշանավորվեց հայ-ռուսական դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունների առավել ամրապնդմամբ, որի գագաթնակետն էր Ռուսաստանի Նախագահ Մեդվեդեւի պետական այցը Հայաստան, բանակցությունները Հայաստանի Նախագահ Սարգսյանի հետ, այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ստորագրված փաստաթղթերը:
Այս ժամանակահատվածում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ընդունվեցին ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների աթենքյան հայտարարությունը, Մեծ Ութնյակի Մուսկոկայում կայացած գագաթաժողովի ընթացքում եռանագահող երկրների նախագահներ Մեդվեդեւի, Սարկոզիի եւ Օբամայի հայտարարությունը, ԵԱՀԿ արտգործնախարարների Ալմաթայի հանդիպման շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների` արտգործնախարարներ Լավրովի, Կուշների եւ ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Սթայնբերգի հայտարարությունը: Վերջին հայտարարություններում ամրագրվում է ինքնորոշման իրավունքը, որը պետք է իրականացվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտությամբ:
Եթե հիշում եք, երկու տարի առաջ այս նույն սրահում, մենք խոսում էինք այն մասին, որ բանակցությունները պետք է ընթանան մադրիդյան առաջարկների հիման վրա` միջազգային իրավունքի երեք սկզբունքների` ուժի եւ ուժի սպառնալիք չկիրառման, ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության հիման վրա: Այն ժամանակ Ադրբեջանը հերքում էր մադրիդյան փաստաթղթի գոյությունն անգամ: Այս վերջին երկու տարվա ընթացքում հենց միջազգային հանրությունը, ԵԱՀԿ-ն, եռանախագահները մեր դիրքորոշմանը համահունչ բազմաթիվ հայտարարություններ արեցին: Վերջին երկու տարվա ընթացքում բանակցություններ ընթացել են հենց մադրիդյան առաջարկությունների, հենց այդ սկզբունքների հիման վրա: Իսկ Ալմաթայում հայտարարության մեջ եռանախագահ երկրները հայտարարեցին, որ հիմնախնդրի կարգավորման առաջարկված սկզբունքները եւ դրույթները մշակված են եւ ներկայացված են որպես մեկ ամբողջություն եւ չի կարելի առաջնություն տալ մեկ սկզբունքին մյուսի նկատմամբ: Դա էլ է համահունչ մեր դիրքորոշմանը:
Անցած ժամանակահատվածում որակական նոր մակարդակի բարձրացան Հայաստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, ինչը հատկապես նշանավորվեց Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի այցելությամբ Վաշինգտոն, հանդիպումով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երեւանյան այցելությամբ:
Մեկնարկեցին Եվրոպական Միության հետ ասոցիացման համաձայնագրի կնքման մասին բանակցությունները, որոնց արդյունքում էապես նոր հիմքի վրա կդրվի Հայաստանի եւ ԵՄ միջեւ համագործակցությունը:
Այս ժամանակահատվածում բավականին կարեւոր զարգացումներ եղան հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ: Ուղիղ մեկ տարի առաջ` ծրագրված ստորագրումից 6 շաբաթ առաջ հրապարակվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Դուք որպես միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսներ եւ ուսանողներ գիտեք, որ միջազգային հարաբերություններում ընդունված չէ, որ համաձայնեցված փաստաթղթերը ստորագրումից առաջ հրապարակվեն, այն էլ վեց շաբաթ առաջ: Մենք հրապարակեցինք, եւ պարզ դարձավ, որ այն ասեկոսեները, որ տեքստերի մեջ չկա ինչ-որ կապակցվածություն ղարաբաղյան հիմնախնդրի հետ, կամ հարցականի տակ է դրվում Ցեղասպանության ճանաչման կարեւորությունը, այդ ամենը չէին համապատասխանում իրականությանը: Մենք սկսել էինք այս գործընթացը թուրքական կողմի հետ փոխըմբռնմամբ, որ գնում ենք կարգավորման առանց նախապայմանների եւ այդ փոխըմբռնմամբ էլ համաձայնեցրեցինք եւ ստորագրեցինք այդ արձանագրությունները:
Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ թուրքերը չեն կարող հարգել եւ կատարել հարգել իրենց կողմից ստանձնած պարտավորությունները: Հայկական կողմը ստիպված էր կասեցնել արձանագրությունների վավերացման գործընթացը` հայտարարելով, որ հնարավոր կլինի առաջ շարժվել միայն այն դեպքում, երբ թուրքական կողմը նորից պատրաստ կլինի առանց նախապայմանների գնալ հարաբերությունների կարգավորմանը: Մեր քայլերը գործընթացի ամբողջ ընթացքում եւ արձանագրությունների վավերցման կասեցումից հետո ըմբռնումով էին ընդունվում եւ վայելում էին միջազգային հանրության լիակատար աջակցությունը: Հայաստանը հանդես գալով որպես պատասխանատու, վստահելի գործընկեր ամրապնդեց իր հեղինակությունը միջազգային բեմահարթակում:
Ինչ վերաբերում է այլ երկրների հետ հարաբերություններին, ապա այս ժամանակահատվածում տարբեր մակարդակների բազմաթիվ փոխայցելություններ, բանակցություններ, հանդիպումներ տեղի ունեցան, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, միջպետական փաստաթղթեր ստորագրվեցին, որոնք լուրջ հիմք կարող են հանդիսանալ տարբեր երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման համար:
Երեւի հիշում եք, որ անցյալ տարի սեպտեմբերին մենք հայտարարել էինք, որ մենք բացելու ենք ԱԳՆ-ին կից դիվանագիտական դպրոց: Եւ այդպես էլ եղավ: Ես ուրախ եմ, որ դպրոցի առաջին ունկնդիրների մեծ մասը հենց միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտներ են: Այսինքն ձեր ֆակուլտետը հենց այն հիմքն է, որ հնարավորություն է տալու համալրել ԱԳՆ շարքերը:
Շուտով մենք կհայտարարենք նոր մրցույթ` 2011 թ. համար: Եվ հուսով եմ, որ շատերը կդիմեն, ինչպես որ եղավ անցյալ տարի: Մեր դիվանագիտական դպրոցի դռները բաց են բոլորի համար, ովքեր օժտված են գիտելիքներով եւ ցանկություն ունեն ծառայելու Հայրենիքին»:












