Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Հանդիպում` ԳԴՀ այցի նախաշեմին

Սեպտեմբեր 2, 2010թ. 19:00

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի
Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին: Նախարարը,
շնորհավորելով բոլոր ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ,
անդրադարձել է կրթության ոլորտում հայ-գերմանական հարաբերություններին առնչվող մի շարք
խնդիրների: Մասնավորապես, խոսելով հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների
մասին, Ա. Աշոտյանը նշել է, որ ավագ դպրոցների բարեփոխումներն ընթանում են ընդհանուր
հայեցակարգային մոտեցումներով և այլևս անբեկանելի են: Նախարարն ընդգծել է, որ
բարեփոխումների գործընթացում որպես կարևոր նպատակ հանդիսանում է նաև այն ծրագրերի
պահպանումը, որոնք իրականացվում են միջազգային գործընկերների, այդ թվում նաև գերմանական
կողմի հետ:

Պարոն դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարին ՀՀ դպրոցներում գերմաներենի
դասավանդման ծրագրերին մշտապես աջակցելու կապակցությամբ, անդրադարձել է ՀՀ-ում
գերմաներեն լեզվի իմացության վկայական տրամադրող դպրոցների խնդրին` նշելով, որ որոշակի
գործընթացների արդյունքում դպրոցներից մեկն այս ուսումնական տարվանից դուրս է մնացել
վերը նշված դպրոցների ցանցից; Պարոն Շմիդթը նշել է, որ նման որոշումը հեշտ չի կայացվել,
այլ թեժ քննարկումների արդյունքում և որպես հիմնական պատճառ մատնանշել է տվյալ դպրոցում
աշակերտների համապատասխան թվաքանակի բացակայությունը; Դեսպանը խնդրել է նախարարության
աջակցությունը` տվյալ դպրոցի աշակերտների տեղափոխումն ավելի արագ և դյուրին դարձնելու
խնդրում:

Անդրադառնալով նշված խնդիրներին` նախարարն իր հերթին նշել է, որ պետք է անել հնարավորը
գերմաներենի դասավանդման ծրագրերը բարեփոխումների նոր համակարգին հարմարացնելու համար և
համատեղ ջանքերով լուծել դասավանդման արդյունավետության խնդիրը: Ա. Աշոտյանն ընդգծել է,
որ նշված դպրոցում աշակերտների արտահոսքը չի սահմանափակվում միայն թվաքանակի նվազմամբ.
այն ունի նաև սոցիալական հետևանքներ` ֆինանսական միջոցների նվազում և որոշակի թվով
ուսուցիչների կրճատում; Նա դիմել է դեսպանին` համատեղ ջանքերով մշակել ծրագրեր`
մեղմացնելու սոցիալական հետևանքները և միաժամանակ ապահովելու գերմաներենի դասավանդման
ավելի մեծ ծավալ: Նախարարն անդրադարձել է նաև Հալեի համալսարանում հայագիտական ամբիոնի
խնդրին` նշելով, որ հայագիտական կենտրոնը 2011 թվականին կֆինանսավորի գերմանական կողմը,
իսկ 2012 թվականին որոշակի համամասնությամբ նաև հայկական կողմը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության
պատվիրակության` ԳԴՀ այցի նախաշեմին երկու կողմերի ակնկալիքների և առաջարկությունների
մանրամասներ, մասնավորապես, միջգերատեսչական, բուհական երկկողմանի հարաբերությունների և
հայագիտության ամբիոնին առնչվող խնդիրներ:

Հանդիպման ավարտին քննարկվել են նաև Սաքսոնիա-Անհալթի երկրամասի և ՀՀ դպրոցների
գործընկերությանը, ինչպես նաև ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում Ռոստոկի համալսարանի
և ԵՊՀ միջև համագործակցությանն առնչվող խնդիրներ:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն