Գլխավոր » Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Վերլուծական, Տարածաշրջան

Միջին Արևելքի տարածաշրջանին ուղղված սպառնալիքների և Իրանի ատոմակայանին հարվածելու ծրագրերի մասին

Սեպտեմբեր 3, 2010թ. 09:16

Tigran– Մի կողմից ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման որոշումներ է կայացնում տարբեր միջազգային կառույցների միջոցով, մյուս կողմից Ռուսաստանն անուղղակի աջակցում է Թեհրանին: ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բոլտոնը հայտարարում է, թե Իսրայելին հաշված օրեր են մնացել Իրանի Բուշեհր քաղաքի ատոմային ռեակտորին հարվածելու համար: Ադրբեջան-ԱՄՆ, Ադրբեջան-Իսրայել ռազմական եւ անվտանգության ոլորտում համագործակցության մասին է խոսվում, իսկ Ադրբեջանի ռազմական դոկտրինում Իրանը անուղղակիորեն դիտվում է որպես սպառնալիք Ադրբեջանի համար: Փաստորեն, միջազգային ուժերը, ի դեմս ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Ռուսաստանի, հանուն ազդեցության գոտիների, անհաշտ մրցապայքար են ծավալել Հարավային Կովկասում: Արդյո՞ք, այս իրավիճակը հղի չէ վտանգավոր զարգացումներով` ընդհուպ մինչև պատերազմական:

– Ողջ տեղեկատվությունը հաստատում է, որ տարածաշրջանի երկրների և ժողովուրդների նկատմամբ պատերազմական սպառնալիքները չեն դադարել ու դրանց նպատակները չեն փոխվել, փոփոխվում են միայն սցենարները, իսկ այդ ամենի ֆոնի վրա 2010-ի սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում ՆԱՏՕ-ի մարդասիրական վարժանքը ավելի շատ նմանվում է լավ նախապատրաստված ռազմա-քաղաքական սադրանքի, քան թե մարդասիրական առաքելության:

Արևմտյան ռազմա-քաղաքական ուշադրությունը մի որոշ ժամանակով սևեռվել է Հարավային Կովկասի վրա հատկապես այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Արդարադատության ատյանը որոշում է կայացրել, թե Կոսովոյի անկախության հռչակագիրը չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին, երբ ամերիկյան զորքի մի մասը 2010-ի օգոստոսին` տասը օր նախատեսվածից շուտ, դուրս է բերվել Իրաքից: Դրա վկայություններից մեկը Հարավ-կովկասյան` Ադրբեջան-Հայաստան-Վրաստան, եռակողմ պատերազմի մասին բացահայտումներն ու հրապարակումներն էին մամուլում (1): Չնայած ինչ-ինչ պատճառներով ծրագրերը փոփոխվել են, սակայն, պատերազմի վտանգը տարածաշրջանում չի նվազել:

Դրա ապացույցն է նախ «Եվրոնյուզ»-ի 2009 թվականի մարտին պատրաստած հատուկ ռեպորտաժը Ստամբուլին սպասվող աղետալի երկրաշարժի մասին (2), ապա թուրքական «Ռադիկալ» թերթի հրապարակած նյութը Հայաստանում 2010-ի սեպտեմբերին ՆԱՏՕ-ի մարդասիրական վարժանքների մասին, որի թեման, ի դեպ, ոչ ավել, ոչ պակաս պարզվում է` երկրաշարժի, «Մեծամորի» ԱԷԿ-ի վթարի, մարդասիրական նպատակներով դեպի Լոռու մարզ հայերի տարհանման թեման է (3):

Եթե եղածին հավելենք Իրանի միջուկային թղթածրարի և Իսրայել պետության անվտանգության հետ կապված թեմաների զարգացումները, մասնավորապես, Ջոն Բոլթոնի վերոհիշյալ հայտարարությունը ՄԱԿ-ում` պատկերը ավելի ամբողջական կդառնա: Հասկանալի է, որ թղթակցությունների ետևում շատ ավելի լուրջ ուժեր են կանգնած, որոնք մեջբերված բոլոր օրինակներում հետապնդում են ռազմա-քաղաքական ագրեսիվ նպատակներ` շարունակ մոռանալով այն մասին, որ պատերազմի քարոզչությունը օրենքով արգելված գործողություն է:

Թվարկենք նաև այն իրադարձությունները, որոնք սպասվում են առաջիկա սեպտեմբերին. ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից շրջանառության դրվող «գրավյալ տարածքների և փախստականների» հարցը, Ռուսաստան-Ադրբեջան սահմանի մասին պայմանագիրը, Թուրքիայի նոր սահմանադրության քվեարկությունը (4), «Հայաստան-2010» մարդասիրական վարժանքները (5)… Այս ամենին զուգահեռ` երկրաշարժի մասին հիշեցումը, ինչը հիշեցնում է գորբաչովյան պերեստրոյկային սկիզբը` Չեռնոբիլի ատոմակայանի աղետը, Սպիտակի երկրաշարժը, Սումգայիթյան ջարդերը…

Նախագահ Օբաման 2010-ի օգոստոսի 31-ին հրապարակեց պատերազմական գործողություններն Իրաքում ավարտելու որոշումը. հետաքրքիր է, թե ո՞րն է հաջորդ թիրախը: Մյուս կողմից, կա մի խնդիր ևս, որն անպայման ճշգրտումներ է մտցնելու համաշխարհային և տարածաշրջանային ծրագրերում: Անցյալ տարի, Բեռլինի պատի փլուզման և Գերմանիայի վերամիավորման 20-ամյակի տոնակատարությունների ժամանակ, Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ ամերիկացի ժողովուրդը ընտրելով բարեփոխումների ճանապարհը և քվեարկելով Բարաք Օբամայի թեկնածության օգտին, փաստորեն, սկիզբ է դրել ԱՄՆ-ի պերեստրոյկայի գործընթացներին: Ակնհայտ է, որ ամերիկյան պերեստրոյկան սկզբնավորվում է, ըստ որի, ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել համաշխարհային և եվրոպական զինուժի, նաև միջազգային ոստիկանական ուժերի կողմը: Այստեղ արժէ հիշել նաև ծագող եվրոպական խնդիրները. պետք է ընդունվե՞ր Եվրոպական նոր սահմանադրությունը, կազմվե՞ր Եվրոմիությունը, որ գերմանացի բանկիրը հասկանար, թե Գերմանիայի Դաշնությունը ինքնալուծարման ուղին է բռնել…

Պատմության դասերը մեզ սովորեցնում են, որ երբեմն վերջնական հաջողության հասնելու չի հերիքում ընդամենը մեկ քայլ: Որն էլ նշանակում, թե հաճախ հաղթանակի հասնելու գրավականը ճնշումներին ու մարտահրավերներին դիմակայելու իմաստությունն ու համառությունն է:

ArmAr.am –ի հարցը մեկնաբանեց «Ուխտ Արարատի» ամսագրի գլխավոր խմբագիր Տիգրան ՓԱՇԱԲԵԶՅԱՆԸ

Ծանոթագրություն

1. Տես, “Հայաստան-Թուրքիա Արձանագրություններ. նախադեպերը, հետապնդած նպատակները և վավերացումից բխող սպառնալիքները” (Յուսուֆ Քեմալ-Գեորգի Չիչերին, Ռիբենտրոպ-Մոլոտով պակտերի մերօրյա տարբերակը), “Ուխտ Արարատի”, Թիվ 2 (18), հոկտեմբեր-դեկտեմբեր, 2009 թ., էջ 2: Տես, Ըստ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի ունեցած տեղեկությունների, Ֆիզուլիի եւ Քելբաջարի շրջաններ մտցվելու են խաղաղապահ զորքեր ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմից (Բրատիսլավա, 24-ը Հունիսի, 2010 թ., Նոյյան Տապան):

2. Տես, “Սեյսմիկ վտանգի բարձրաձայնումը քաղաքական խնդիր է հետապնդում”, Հարցազրույց “Ուխտ Արարատի” պարբերականի խմբագիր Տիգրան Փաշաբեզյանի հետ է, “Իրավունքը de facto”, թիվ 23 (183), էջ 9:

3. Տես, ՆԱՏՕ-ի վարժանքը Հայաստանում. Թուրքիայի հետ սահմանի բացումը, ԱԷԿ-ի վթարը և հայերի տարհանումը Վրաստանով, www.regnum.ru/news/1304397.html, 13:28 / 14.07.2010, (Թարգմանությունը “Ուխտ Արարատի” պարբերականի խմբագրության: Հոդվածին կից ներկայացվում է նաև ռուսերեն բնագիրը):

4. Այս պարագայում մի կարևոր հարց է առաջանում. եթե հաստատվի Թուրքիայի նոր սահմանադրությունը, արդյո՞ք, կրկին և նոր ուժով բարձրանալու է Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները վավերացնելու հարցը:

5. Ճիշտ է ամերիկյան զորքերի մեկ մասը դուրս է եկել Իրաքից, բայց ոչ մի տեղեկություն չկա, թե կոալիցիային մաս կազմող մյուս երկրների զորքերը ինչ եղան, երբ են դուրս գալու երկրից: Հնարավո՞ր է, որ դրանք այն 19 երկրների զորամիավորումներն են, որոնք մասնակցելու են “Հայաստան-2010” մարդասիրական վարժանքներին:


Դիտել Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն