Ֆրենկ Փալոնե. «Կոչ եմ անում Հիլարի Քլինթոնին սահմանափակել Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնությունը»
Ամերիկացի կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն և Մարկ Քըրքը դատապարտել են օրերս արցախա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից կազմակերպված դիվերսիան, որի հետևանքով գրանցվել է երկու զոհ և եղել են վիրավորներ:
Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
«Չպետք է թույլ տալ, որպեսզի շարունակվեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից կազմակերպվող հրահրման նման դեպքերը: Ես խստագույնս դատապարտում եմ կատարվածը», -ասել է կոնգրեսական Փալոնեն իր տարածած հայտարարության մեջ:
«Տարածաշրջանում Ադրբեջանի` օրեցօր աճող ագրեսիվ վարքագիծը չպետք է դուրս մնա միջազգային հանրության և ԱՄՆ ուշադրությունից: Քանի դեռ Բաքուն Լեռնային Ղարաբաղում լարված իրավիճակ է ստեղծում իր այդ պահվածքով, ես կոչ եմ անում ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնին լրացուցիչ սահմանափակումներ կիրառել Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում», -հավելել է Փալոնեն:
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր հերթին նշել է. «Այն, որ Օբամայի վարչակազմը պարզորոշ կերպով չի քննադատում ադրբեջանական հարձակումները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, միայն ոգևորում են Ալիևի ռեժիմին` խաթարելու բանակցային գործընթացը»:
ArmAr.am












