Թուրքական շոու. թուրքը խաչ չի տեղադրի հայկական եկեղեցու գմբեթին
Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը հայտնել է, թե Վանա լճի Աղթամար կղզու հայկական պատմական Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին` սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագի օրը, խաչ չի լինելու: Նա ասել է, թե իբր` եկեղեցու գմբեթի համար նախատեսված 200 կիլոգրամանոց խաչը տեխնիկական պատճառներով հնարավոր չի լինի մինչև պատարագի օրը ամրակցել գմբեթին: Փոխարենը այցելություններն ուղղակի կկարողանա տեսնել խաչը` միայն թե ոչ գմբեթին:Հետաքրքիր է, թե թուրքերը ի՞նչ նոր հնարք կմտածեն հայկական խաչը ինչ-որ տեղ պարտակելու համար, միայն թե այն չտեղադրվի հայոց եկեղեցու գմբեթին:
Իսկ հիշո՞ւմ եք, 2007-ին, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնումից հետո բացման հանդիսավոր արարողության ժամանակ, ինչպես էին թուրքերն իրենց իրավունք վերապահել հայկական ճարտարապետական կոթողը «զարդարել» թուրքական դրոշներով և Աթաթուրքի դիմանկարներով, այն դեպքում, երբ արդեն երրորդ տարին է քրիստոնեկան եկեղեցու գմբեթին ոչ մի կերպ «հնարավոր չի լինում» խաչը տեղադրել:
Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունին և նրա գլխավոր ճարտարապետ Մանուիլը երբևէ կարո՞ղ էին ենթադրել, որ մի օր Սուրբ Խաչ տաճարը կզարդարվի թուրքական դրոշներով, Աթաթուրքի պատկերով, փոխարենը եկեղեցուց հեռացված կլինի քրիստոնեության խորհրդանիշը` խաչը:
Թուրքական «Միլլիյեթ»օրաթերթը նաև տեղեկացնում է, որ Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը հանդիպում է ունեցել Վանի նահանգապետ Մյունիր Քարաօղլուի հետ` սեպտեմբերի 19-ի նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկանալու նպատակով: Նրա գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է նաև Վանի առևտրաարդյունաբերական պալատում և քաղաքապետարանում: Քաղաքապետ Բեքիր Քայայը արքեպիսկոպոս Աթեշյանին հավաստիացրել է, թե իրենք սեպտեմբերի 19-ին հյուրամեծար ձևով հարգելու և պատվելու են Վան ժամանելիք հայ ուխտավորներին:
Ինչ հարգանք-պատվի մասին կարող է խոսք լինել, երբ թուրքական իշխանություններն իրենց գործելաոճին հարիր, հերթական անգամ մերժում են նախապես տրված խոստումը ու անհիմն պատճառաբանությամբ հրաժարվում Աղթամարի Ս. Խաչի գմբեթին Խաչը տեղադրել: Այսքանից հետո հարց է առաջանում, արդյոք, պե՞տք է, որ հայ հոգևորականները մեկնեն մասնակցելու մի արարողության, որն այլ բան չի լինելու, քան հերթական թուրքական շոու:












