«Հայաստանի շատ բնակավայրեր կարող են զբոսաշրջության կենտրոն դառնալ»
Հայաստանի մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանն ասել է, թե մեր երկրում կան բազմաթիվ բնակավայրեր, որոնք կարող են դառնալ զբոսաշրջության հայտնի վայրեր` շաղկապվելով մշակույթի` այս կամ այն գործիչի անվան հետ: Որպես այդպիսին նա համարել է տաղանդաշատ նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդավայր Ջաջուռը:
«Շատ երկրներ արհեստականորեն միֆեր են ստեղծում, իսկ Հայաստանում դա ամենուր է, պարզապես մենք հետամուտ չենք լինում մեր ազգային արժեքների պահպանմանը եւ հանրահռչակմանը»,- ասել է Ս. Հարությունյանը:
«Ջաջուռը միակ գյուղն է, որն ունի թանգարան եւ եկեղեցի, որը նաեւ կարիք ունի վերանորոգման»:
Ըստ վարչության պետի` Մինասի աշխատանքների անբաժան մասը հնոցին է, տարազներով կանայք, հազարաշեն տուն կառուցելու ոճը, որը եւս բնորոշ է միայն Ջաջուռին եւ կարելի է վերականգնել: «Քաղաքակիրթ աշխարհում կիրառվում է այս փորձը, որը բավականին արդյունավետ է զբոսաշրջության զարգացման համար»:
Ըստ Հարությունյանի` այդ նպատակով կառուցվելիք հյուրանոցը կարող է ապահովել նաեւ գյուղի բնակիչներին աշխատանքով:












